«Համազգեստով ինձ պիտանի անձնավորություն եմ զգում»
Անին մասնագիտությամբ նկարչուհի է, գերազանց առաջադիմությամբ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի բաժինը: Աշխատել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում որպես խմբավար, նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը: Բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել, հաջողություններ գրանցել, Անգլիա մեկնելու հրավեր է ստացել' հայկական զարդանախշերով հագուստ ներկայացնելու, սակայն հրաժարվել է եւ դիմել տարածքային զինկոմիսարիատ՝ ծառայության ընդունվելու. «Հեռուստաեթերից իմացա, որ իգական սեռի ներկայացուցիչները եւս կարող են ուսանել ռազմաուսումնական հաստատություններում, որոշեցի դիմել: Տնեցիներս ասում էին' դժվար կլինի, բանակը եւ կինը անհամատեղելի են, բայց ինձ ոգեւորեց եղբայրս' Գոռը: Նա եւս զինվորական է, ծառայում է սահմանապահ զորքերում, վստահեցնում էր, որ կկարողանամ: Հիշում եմ' երբ իմացա, որ համադասարանցիս ընդունվել է ռազմական ինստիտուտ, ինքս իմ մտքում ասացի' երանի ես էլ տղա ծնվեի: Այժմ ինձ էլ է հնարավորություն տրվել սովորելու ռազմական ավիացիոն ինստիտուտում: Ես, իհարկե, չէի կարող բաց թողնել զինվորական դառնալու հնարավորությունը»: Անին նշում է, որ ուզում էր օդաչու դառնալ, բայց աղջիկների ուսուցումը դեռեւս նախատեսված է միայն կապի ֆակուլտետում: Նա անհամբեր սպասում է պրակտիկ աշխատանքներին. «Ուզում եմ տեսական գիտելիքներս ամրապնդել փորձով, առարկայական դարձնել: Օր օրի համոզվում եմ, որ չեմ սխալվել մասնագիտության ընտրության հարցում: Համազգեստն էլ հաճույքով եմ հագնում, ինձ պիտանի անձնավորություն եմ զգում: Կարծում եմ' աղջիկները գոնե մեկ տարի պետք է պարտադիր ծառայեն բանակում, իսկ առանց հիմնավոր պատճառների բանակից խուսափող վախկոտ տղաներին վտանգավոր եմ համարում»: Չնայած այժմ Անին ամբողջովին կլանված է նոր մասնագիտության նրբությունների ուսումնասիրմամբ, բայց նաեւ շարունակում է սրբապատկերներ նկարել եւ հույս ունի անհատական ցուցահանդես կազմակերպել ինստիտուտում:
Հեղինակ՝ ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ