Ես չեմ զարմանա, որ մի օր լսեմ' մեր «համեստ» օլիգարխներից մեկն այս ավտոմեքենան գնել է և նրա զավակը 220 արագության տակ երթևեկում է Երևանի փողոցներում: Ինչպես հասկացաք խոսքը գնում է ավտոսիրողների մոտ իսկական ֆուրոր առաջացրած աշխարհի ամենաթանկարժեք մեքենայի ' Lamborghini Aventador LP 700-4-ի մասին:
Հարգելի ընթերցողներ, իսկ ով չգիտի տեղեկացնեմ, որ վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ մեքենան' ոսկյա Lamborghini Aventador LP 700-4-ը, որը պատրաստված է մաքուր ոսկուց, պլատինից և ադամանդներից, նախատեսվում է, որ շքեղ մեքենան կվաճառվի ամենաքիչը 7,3 մլն դոլարով: Համապատասխան մամուլը գրում է, որ ներկայումս ոսկյա Lamborghini-ն կարող է դառնալ Գինեսի գրքի ռեկորդակիր միանգամից 4 անվանակարգերում, այդ թվում նաև որպես ամենաթանկարժեք մեքենա, այն միակ ավտոմեքենան է աշխարհում, որ պատրաստված է 500 կգ ոսկուց:
Պահ զարմացրին' 500 կգ ոսկի: Այդ ի՞նչ ճղճիմ քաշ է, որ մեր փառապանծ օլիգարխներից ոմանց համար, նամանավանդ այն օլիգարխների, ովքեր անօրինական ճանապարհներով են դարձել օլիգարխ: Ես նույնիսկ չեմ բացառում, որ մոտ ժամանակներս այդ մեքենան կարող է դառնալ Գինեսի գրքի ռեկորդակիր միանգամից 5 անվանակարգերում, ինչպես կռահեցիք 5-րդ էլ կլինի այն, որ մեքենան ձեռք կբերի միջազգային չափանիշներով աղքատ երկիր համարվող Հայաստանի որևէ մեծահարուստ:
Այս ամբողջ պատմության մեջ զավեշտալին այն է, ըստ իս, որ իմ մտքով անցնում է' հնարավոր է, որ այդ մեքենան հայտնվի Հայաստանում, այսինքն մենք այլևս չենք զարմանում մեր օլիգարխների անսահման ճոխությունների վրա, ճոխություններ, որոնք առանց ամոթի զգացումի պարբերաբար ի ցույց են դրվում անապահով Հայսատանում:
Կարեն Թումանյան