Դեռ մի քանի օր առաջ զբոսնում էի Կասկադի շրջակայքում, սակայն մտքովս էլ անգամ չէր անցնում, որ այն մարդը, ում ջանքերի շնորհիվ այսօր «Կասկադ» համալիրը համարվում է Երևանի ամենահիասքանչ վայրերից մեկը, մի քանի օր հետո' սեպտեմբերի 15-ին, 88 տարեկան հասակում կյանքից հեռանալու է: Ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյան' մարդ, որի հեղինակությունը հերիք էր, որպեսզի ամբողջ աշխարհի ծանրակշիռ բիզնեսմենները հարգեին մեր ազգը, քանզի նա այսպիսի զավակներ ունի… Մարդ, որը կարողանում էր իր կամքը թելադրել ամերիկյան, և ոչ միայն ամերիկյան, ինչպես բիզնես շրջանակներում, այնպես էլ տարբեր երկրների իշխանական հարթության մեջ: Ցավոք սրտի, այսպիսի մարդկանց կորուստը մենք մեր «մաշկի վրա» զգում ենք, երբ նրանք հեռանում են մեզանից, մենք նրանց կորուստը զգում ենք, երբ պահն է գալիս, որ նրանք մեր երկրին պետք է ձեռք մեկնեն, բայց նրանք այլևս չկան, մենք նրանց կորուստը ամբողջովին գիտակցում ենք, երբ այս ծանրակշիռ մարդկանց հեղինակավոր խոսքը միջազգային տարբեր կառույցներում այլևս լսելի չի լինելու, երբ իրենց չափանիշներով հասարակ պրոբլեմը մեր երկրի համար պրոբլեմատիկ է դառնում: Իսկ ավելի ցավալին այն է, որ նրանց կյանքի օրոք մենք շատ անգամ մեր թերացումներով հիասթափեցնում ենք նրանց, քանզի չենք կարողանում մաքսիմալ արդյունավետ օգտագործել նրանց անսահման նվիրվածությունը իրենց պապենական երկրին: Այստեղ իսկը պահն է հիշելու, որ քիչ չեն եղել դեպքեր, երբ նրանց բարերությունը, ինչ-ինչ պատճառներով նպատակային չի օգտագործվել, որը առաջացրել է նրանց դժգոհությունը, սակայն նրանք այնքան վեհ են գտնվել, որ, հիասթափվելով հանդերձ, շարունակել են օգնել և օգնել… Հ.Գ. Այսօր բարեբախտաբար Գաֆեսճյանի նման բարերարներով լի է հայ իրականությունը, սակայն մենք արդյոք գիտակցո՟ւմ ենք այդքանը, արդյոք հասկանո՟ւմ ենք, որ ճիշտ քայլերի շնորհիվ մենք կարող ենք ուղղորդել այս մարդկանց, որ նրանք իրենց կապիտալի զգալի մասը կենտրոնացնեն Հայաստանում, հասկանո՟ւմ ենք արդյոք, որ մեր երկրի փրկման թերևս ամենահուսալի միջոցներից մեկը դա է: Չէ որ ճիշտ պլանավորման դեպքում նրանք մեծ հաճույքով, բոլորը մեկ մարդու նման կհամախմբվեն համընդհանուր գործին'Հայաստանի զարգացմանը: Միգուցե դեռ լիովին չենք հասկանում, որ Իսրայելի միակ առավելությունը մեր ազգի հանդեպ նա է, որ նա կարողացել է համախմբել աշխարհի բոլոր հրեա մեցենատներին Իսրայելին ծառայելու վեհ գաղափարի շուրջ: Չէ որ Գաֆեսճյանի նման մարդիկ իրենց հզորությամբ չեն զիջում իրենց հրեա գործընկերին, սակայն, ի տարբերություն նրանց Գաֆեսճյանի նման մարդկանց մենք չենք կարողանում ուղղորդել, թե ինչ կարելի է անել հանուն հայրենիքի' չնայած նրան, որ նրանք հիրավի պատրաստ են ամեն ինչ անելու միայն մի բանի համար, որ վերջապես տեսնեն, թե ինչպես է իրենց հայրենիքը զարմացնում ամբողջ աշխարհին իր առաջընթացով…

Կարեն Թումանյան