Միացյալ Նահանգները և Ռուսաստանը այսօր համաձայնության են եկել Սիրիայի քիմիական զենքի վնասազերծմանն ուղղված գործողությունների շրջանակի առնչությամբ:
Ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Ժնևում երեք օր շարունակված բանակցությունների ավարտին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ըստ ձեռք բերված համաձայնության՝ պաշտոնական Դամասկոսը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնի իր տրամադրության տակ գտնվող քիմիական զենքի ամբողջական ցանկը: Ըստ պետքարտուղարի՝ Դամասկոսը պետք է ամբողջությամբ ոչնչացնի այդ զենքը:
Քերրին վստահեցրել է, որ համաձայնեցված շրջանակը կարող է նպաստել աշխարհում պաշտպանվածության և անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Ըստ ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ համաձայնության տարրերը ընդգրկում են ժամանակացույց և ընթացակարգեր:
Կողմերը համաձայնության են եկել նաև այն հարցում, որ եթե պաշտոնական Դամասկոսը չկատարի իրեն առաջադրված պահանջները, իրենք հետամուտ կլինեն Սիրիայում ռազմական գործողության իրականացումը լիազորող բանաձևի ընդունմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:
Լավրովը «գերազանց» է որակել ամերիկացի գործընկերոջ հետ բանակցությունները: