Թմրանյութերի նկատմամբ կախումը կենդանի օրգանիզմներում ծնունդ է առնում գրեթե ակնթարթորեն, եւ դրա պատճառն այն է, որ նման նյութերն իսկույն ֆիզիոլոգիական փոփոխություններ են առաջացնում ուղեղում:
Կալիֆոռնիայի համալսարանում կենդանիների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ արյան մեջ թմրանյութի հայտնվելուց քիչ հետո ուղեղում ձեւավորվում եւ ավելանում են նոր բջջային կառույցներ, որոնք կապված են սովորելու եւ հիշելու գործընթացների հետ, հայտնում է BBC-ն: Այսկերպ օրգանիզմը թմրակախվածության առաջին քայլ է կատարում:
Առնետների վրա կատարված փորձարկման ժամանակ կենդանիներին հնարավորություն է տրվել ուսումնասիրել երկու խուց: Կրծողներն ուսումնասիրել են տարածքը եւ ընտրել իրենց ամենից ավելի դուր եկածը: Ավելի ուշ նրանց տեղափոխել են այլ խուց եւ այնտեղ կոկայինի ներարկումներ կատարել: Նաեւ առանձնացվել է կրծողների խումբ, որոնց սովորական ջրով ներարկում են կատարել:
Արդյունքում պարզվել է, որ կոկային ստացած կենդանիների ուղեղում մեծ քանակությամբ փոքրիկ մեմբրանային ելուստներ են գոյացել ուղեղի բջիջների վրա, որոնք ակտիվորեն մասնակցում են հիշելու գործընթացին: Եվ արդյունքում նվազ հարմարավետ խցիկում գտնվող, բայց կոկայինի չափաբաժին ստացած կենդանիներն արդեն չէին ցանկանում հեռանալ այնտեղից, հայտնում է NEWSru.com-ը: Այսպիսով, ուսումնասիրողները եզրակացրել են, որ կրծողները հիշել են այն վայրը, որտեղ «հաճույք» են ստացել: Դրանից հետո առնետների վարքն սկսել է ենթարկվել դեղորայքի եւս մեկ չափաբաժին հայթայթելու ձգտմանը: