Այսօր ՞Հարցազրույցի՞ հերթական թողարկման հյուրը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, որը Նվեր Մնացականյանի հետ զրույցում ներկայացրեց բյուջեի համալրման և կենսաթոշակների բարձրացման հիմնախնդիրմերի շուրջ իր տեսակետները: Րաֆֆի Հովհաննիսյանը, մասնավորապես հայտարարեց, որ ատկատների վերացման և ստվերի գոնե 40 տոկոս կրճատման դեպքում հնարավոր է կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով, բարձրացնել աշխատավարձերը և այլն: Որպես հիմնավորում պարոն Հովհաննիսյանը նշեց իր թիմում ընդգրկված տնտեսագետների և քաղաքագետների հաշվարկները:
Խորին հարգանք ունենալով պարոն Հովհաննիսյանի և նրա քաղաքական թիմի նկատմամբ՝ ցանկանում եմ հուշել նրանց ծրագրային բացթողումը, որը, հավանաբար, քաղտեխնոլոգների սխալ հաշվարկի արդյունք է: Մասնավորապես այն դրույթը, որ ատկատների վերացումը կարող է շրջադարձային լինել կենսաթոշակների 50 տոկոս ավելացման համար, մեղմ ասած, տարակուսելի է: Որպես հիմնավորում դիտարկենք, թե ինչպես են ձևավորվում ատկատները:
Կառավարությունը, ներդրումային հիմնադրամները, շինարարական կազմակերպությունները օբյեկտների, ջրագծերի, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շինարարության համար հայտարարում են մրցույթներ: Շահող կազմակերպությունը պատվիրատուին է հանձնում ատկատը՝ այն գինը, որ պետք է վճարի պատվերը ստանալու դիմաց: Իհարկե, ատկատներ ստանում են նաև տարաբնույթ պետական կառույցների ղեկավարներ, համայնքային ծառայողներ և այլոք: Շինարարական կազմակերպությունը, որպես կանոն, մրցույթը շահելու համար ներկայացնում է արժանահավատ մրցութային փաթեթ՝ ներառելով բարձրորակ շինարարության համար անհրաժեշտ շինանյութերի գները: Ատկատների բաժանումից հետո, որոշակի եկամուտ ապահովելու համար, շինարարական կազմակերպության ղեկավարը ստիպված սկսում է օգտագործել անորակ շինանյութ, ինչի հետևանքով ճանապարհների ասֆալտը, ջրագծերի խողովակները և մյուս ենթակառուցվածքները շատ արագ սկսում են շարքից դուրս գալ: Հետևաբար ատկատի վերացումը պետք է դիտարկել ոչ թե աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացման, այլ ենթակառուցվածքների բարելավման և առավել հոգատար պետական շինարարության տեսանկյունից: Վերացնելով ատկատները՝ դուք կնպաստեք, որ մեր ճանապարհները լինեն ավելի լավը, մեր դպրոցները, մանկապարտեզները և հիվանդանոցները՝ առավել բարվոք և մեր ջրագծերը՝ առավել խոխոջուն...
Ինչ վերաբերում է ստվերի 40 տոկոս կրճատման հետևանքով կենսաթոշակների և աշխատավարձերի հնարավոր 50 տոկոս բարձրացմանը, ապա ես, որպես ընտրող, առավել վստահ կլինեի Ձեր նախընտրական ծրագրի այս դրույթի նկատմամբ, եթե Ձեր թիմում ընդգրկված տնտեսագետները հաշվարկեին, թե գումարային տեսքով որքան է այդ 40 տոկոսը և ինչպիսի քայլերի հերթականություն եք մշակել՝ ստվերը կրճատելու համար:

Հարգանքով՝ Վարուժան Բաբաջանյան