Փաստորեն ճիշտ էին դաշնակցական դեսպանների մասին լուրերը, համենայն դեպս Վահան Հովհաննիսյանի մասով: Վերջինս հաստատել է, որ, այո, իրեն առաջարկել են Գերմանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը, եւ ինքը ընդունել է այն, միաժամանակ նշելով, թե առաջարկը եղել է անձամբ իրեն, այլ ոչ թե ՀՅԴ-ին: Նաեւ ասել է, որ նման առաջարկն ու աշխատանքը իր համար արտառոց բան չէ, քանի որ վերջին տարիներին ինքը մշտապես զբաղվել է արտաքին հարաբերություններով, եղել տարբեր կառույցներում հայաստանյան պատվիրակությունների ղեկավարը. «Առաջարկն ուղղված է ինձ անձնապես, ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ-որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ՝ առաջարկն արված է ինձ անձնապես, եւ իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն, հարցը ներկայացրել եմ կուսակցությանը, եւ կուսակցությունը եւս տվել է իր համաձայնությունը...Արված առաջարկն ունի գործնական բնույթ եւ չի հանդիսանում իմ քաղաքական հայացքների փոփոխությունների հետեւանք, հետեւաբար, չի կարող դառնալ նմանատիպ փոփոխության պատճառ: Մյուս կողմից' այս առաջարկն անողը վստահորեն քաջատեղյակ է եղել իմ հայացքներին եւ իր համար եւս խնդիր չի առաջացել: Նշանակում է, որ այս հարցում չի լինելու հակասություն, առավել եւս' դիրքորոշումները վերանայելու խնդիր»:
Սա Վահան Հովյաննիսյանի մեկնաբանությունն է, սակայն, ըստ իս, ոչ այնքան համոզիչ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի համար: Եթե տարիներ շարունակ նա զբաղվել է արտաքին հարաբերություններով, ղեկավարել պատվիրակություններ, ապա այդ ժամանակներում եղել է կամ կոալիցիայի անդամ կուսակցության ներկայացուցիչ, կամ որպես խորհրդարանի ներկայացուցիչ:
Սակայն դեսպանը բոլորովին այլ պատմություն է, դա կառավարական կարգավիճակ է՝ ենթակա ՀՀ նախագահին ու արտգործնախարարին, իսկ իր կուսակցությունը այդ մարդկանց եւ նրանց կողմից տարվող արտաքին քաղաքականության հետ ունի լուրջ տարաձայնություններ, ինչի պատճառով էլ դուրս եկավ կոալիցիայից, եւ ինչ-որ ժամանակ պահանջում էր նույն արտգործնախախար է. Նալբանդյանի հրաժարականը: Հիմա Վահան Հովհաննիսյանը՝ որպես դեսպան, ՀՅԴ-ի արտաքին քաղաքական հայացքների կրո՞ղը պետք է լինի, թե իշխանության կողմից տարվող քաղաքականության...