Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ թե´ ներքին, և թե´ արտաքին քաղաքական զարգացումները կարծես պտտվում են նոյեմբերին Վիլնյուսում սպասվելիք Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շուրջ: Վաղը' սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը և կասկած չկա, որ հանդիպման գլխավոր թեման լինելու է Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Պետք է նշել, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ ստեղծվել է մի տեսակ ծայրահեղ մոտեցում որոշ շրջանակների մոտ և´ Հայաստանի, և´ նրա սահմաններից դուրս: Մասնավորապես նշվում է, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի, այսպես կոչված «կամ-կամ»-ի սկզբունքով ,իսկ համաձայն մյուս տեսակետի' Ասոցացման համաձայնագիրը հակասում է Ռուսաստանի պետական շահերին, հետևաբար պետք է զերծ մնալ դրա ստորագրումից (ցավոք երբեք խորքային առումով այս մարդկանց մոտ չի քննարկվել ամենակարևորը՝ Հայաստանի պետական շահը), այլապես Ռուսաստանը Հայաստանի հետ կվարվի այնպես, ինչպես վարվում է այսօր Ուկրանիայի հետ ( նշենք, որ այն ինչ անում է Ռուսաստանը Ուկրանիայի հետ, այլ կերպ չի կարելի որակել, քան տնտեսական շանտաժ): Ակնհայտ է, որ թե´ Եվրոմիությունը, թե´ Ռուսաստանն այս հարցում ձգտում են մաքսիմալ զիջումներ կորզել Հայաստանից, մինչդեռ այս իրավիճակում հենց Հայաստանը կարող է առավելագույնը ստանալ և´ ԵՄ-ից, և´ Ռուսաստանից: Դեռևս այս տարվա հունիսին Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետին ի պատասխան, որ (մեջբերում).«Մենք (Հայստանը հեղ.) մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ»-ի, այլ «և-և»-ի սկզբունքի վրա, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին իր ելույթում կարծես հակադարձել էր, նշելով, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ կա´մ Եվրոմիություն, կա´մ Ռուսաստան: Մոտեցումների այս ակնհայտ հակասությունը կարծես հարթելու եկավ քիչ ժամանակ անց Եվրոմիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը Հայաստան: (և այստեղ արած մի շարք հայտարարությունները): Մինչ այդ եվրոպական պաշտոնեայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ֆյուլեի այցը Հայաստան առանցքային է ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի համատեքստում: Եվ իսկապես Ֆյուլեի արած մի շարք հայտարարությունները բավականին կարևոր էին . ավելին, չէին բխում մինչ այդ Լեհաստանի նախագահի հնչեցրած «կա´մ-կա´մ»-ի տրամաբանությունից :Սրանից արդեն կարճ ժամանակ անց ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը և Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարություն տարածեցին, որով ասվում էր, որ Եվրոպական Միությունը և Հայաստանը բարեհաջող ավարտել են Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Սա նշանակում է, որ Եվրոմիությունը հետ է կանգնել (գոնե այս փուլում) մինչ այդ Լեհաստանի նախագահի հնչեցրած «կա´մ-կա´մ»-ի սկզբունքից՝ գիտակցելով, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակում խնդիրը նման սրությամբ դնել կնշանակի ոչ միայն վիժեցնել ողջ Ասոցացման գործընթացը, այլև Հայաստանին ուղղակիորեն և վերջանականապես ուղարկել Ռուսաստանի գիրկը: Ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը դեռևս հանրությանը հայտնի չէ, և չի բացառվում, որ այն վերջնական տեսքի բերված չէ ,ինչով էլ պայմանավորված էր նաև մի քանի օր առաջ Հայաստանի նախագահի անսպասելի այցը Խորվաթիա: Ասոցացման համաձայնագրի հետ կապված հաջորդ ծայրահեղ մոտեցումը դա, այսպես կոչված, պրոռուսական կողմնորոշում ունեցողների տեսակետն է, որոնց հիմնական փաստարկն այն է, որ եթե նույնիսկ Ասոցացման համաձայնագիրը գրավիչ է Հայաստանի համար, այնուամենայնիվ, այն հակասության մեջ է մտնում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի հետ, ուստի այդ փաստաթղթի ստորագրումը կարող է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական և քաղաքական «պատժամիջոցների» առիթ տալ: Այս մոտեցումը նույնպես քննության չի դիմանում: Ցավոք հայաստանյան և ռուսական որոշ շրջանակներ առաջ են մղում միայն այն հանգամանքը, թե որքան կարևոր նշանակություն ունի Ռուսաստանը Հայաստանի համար մեր բարդ տարածաշրջանում: Չժխտելով այդ հանգամանքը՝ պետք է նաև հավելենք, որ մեր տարածաշրջանում Հայաստանը միակ պետությունն է, որտեղ Ռուսաստանը ներկայացված է խոշոր ռազմակայանով, ինչը ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի անվտանգության երաշխիք է (չհաշված նաև ռուսական խոշոր ձեռնարկությունների առկայությունը Հայաստանում): Ուստի,կարևոր հանգամանք է նաև Հայաստանի չափազանց կարևոր նշանակությունը Ռուսաստանի համար, հետևաբար տնտեսական և քաղաքական ճնշումները Հայաստանի նկատմամբ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ նաև Ռուսատանի շահերի համար,քամզի, ինչպես ասում են, ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն:Իսկ այն փաստարկները ,որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի կողմից պրոադրբեջանական դիրքորոշում որդեգրելու առիթ հանդիսանալ,մեղմ ասած պրիմիտիվ է,քանզի Ղարաբաղյան հակամարտությունը այնքան բազմաշերտ է,որ չնայած այս հարցում ՌԴ-ի ունեցած մեծ դերակատարությանը,այնուամենայնիվ պայմանավորել այս հակամարտության կարգավորումը բացառապես Ռուսաստանի դիրքորոշմամբ ,միամտություն կլինի:

Հ.Գ.Վաղը՝ սեպտեմբերի 3-ին տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, ուստի Հայաստանում ռուսական և եվրոպական շահերի առկայության հանգամանքը պետք է լինի այն գործիքը, որ անհրաժեշտ է օգտագործել Ասոցացման համաձայնագրի շուրջ Ռուսաստանի և ԵՄ-ի դիրքորոշումները մեղմացնելու և ստեղծված իրավիճակից Հայաստանը առավելագույնս շահավետ դուրս բերելու համար:

Էդգար Առաքելյան