Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ չի բացառվում, որ Հանրապետական կուսակցությունը առաջարկով հանդես գա' կատարել սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում ՀՀ-ը կդառնա խորհրդարանական հանրապետություն: Դավիթ Հարությունյանը նշել է նաև, որ վերոնշյալը սահմանադրական փոփոխության միակ մոդելը չէ ու կքննարկվեն նաև ուրիշ մոդելներ:

Իմ կարծիքով՝ Հարությունյանի ասածը պարզապես լեգիտիմություն ու այլընտրանքի պատրանք ստեղծելու համար է: Միևնույնն է, բազմաթիվ «քրտնաջան» քառօրյաներից հետո կքվեարկվի այն տարբերակը, որը կառաջարկի ՀՀԿ-ն' ի դեմս Սերժ Սարգսյանի:
Սերժ Սարգսյանը, ըստ ՀՀ սահմանադրության, չի կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահական ընտրությունների ժամանակ ու այս քայլը բացահայտ միտում ունի Սերժ Սարգսյանի կառավարման տարիները ամենաքիչը կրկնապատկելու:
Սակայն իշխանությունները չպետք է մոռանան Վրաստանի օրինակը, երբ վերոնշյալ փոփոխությունից հետո տեղի ունեցավ լրիվ հակառակը: Հայաստանյան իրականության մեջ, իհարկե, չեն ուրվագծվում Իվանիշվիլիի նման լիդերներ, ովքեր պատրաստ կլինեն իրենց միլիարդները «վտանգել» հանուն քաղաքական հետաքրքրությունների:
Մյուս կողմից Սերժ Սարգսյանը դեռևս մեծ եղբորը լուրջ զայրանալու առիթ չի տվել, ուստի կարող է հանգիստ նախաձեռնել ու կամաց կամաց լայն քննարկումների ձևով, լեգիտիմ ընթացակարգով անցկացնել օրենսդրական փոփոխությունը (դեռ ահագին ժամանակ կա մինչև խորհրդարանական ընտրությունները, իսկ «վռազողը վարչապետ չի դառնում»), հետո եթե Պուտինը «դաբռոն» տա, հեշտ ու հանգիստ կիրառելով շախմատային ամենաընկալելի կոմբինացիան' «ռակիրովկան» կհայտնվի վարչապետի աթոռին' կրկին որպես «առաջին դեմք»: