Գեղարդավանքին մոտ մեզ սպասում էր գեղջկուհիների շարքը - ամեն մեկը ձեռքին պահել էր մի կարմիր գաթա – մեր կարմիր արևի նման գեղեցիկ : Բերեցինք մեկը, հիմա մարդու ձեռք չի բռնում կտրել…
Բայց այսօրվա ասելիքս գրեթե քաղաքական է: Մեր հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանը իր փորձով ավետեց կուսակցականության ավարտը հայոց աշխարհում: Կուսակցականությունը գիտե՞ք ինչ է – սև դառը բողկ տեսե՜լ եք, ինչքան ուզում ես ծամիր՝ չի քաղցրանա… Պայմանավորվեցինք: Կուսակցականության դառը բողկը ծամեցինք, պրծանք:
Ձեռքը գցեցինք քաղաքացիական հասարակությանը և նրա շարժումներին: Սա արդեն լավ է: Սա քաղցր պտուղ է: Այն նաև հերոսական է: Եվ սրանով իշխանություն կարող ենք փոխել: Բայց լավ իմանանք՝ երկիրը սրանով չի փոխվի: Մի քիչ եվրոպա կդառնանք, – բայց մեր երազների Հայաստանը ուրիշ է լինելու...
Մեր Նոր Երկիրը կկառուցենք Ազգով – Ազգային Մշակույթի համակարգով: Սա արդեն կնմանի Գեղարդի գաթային: Սա ուրիշ քաղցրություն է: Գեղարդի գաթայի մեջ Ծիրկաթիններ կան, խորիսի մեջ Արարիչն է: Հայ ժողովուրդ, «քաղաքացիական հասարակություն» շրջանը շուտ անցիր, փորձ հավաքիր, մոտեցիր «Ազգ» հանգրվանին – էնտեղ քեզ սպասողներ կան… Եվ ձեռքներն էլ դատարկ չէ:
Լեւոն Դռնոյան
24 օգոստոսի 2013թ.