Ինչպես է կինը հասկանում, որ սկսվել է ծննդաբերության գործընթացը:
Գոյություն ունեն ծննդաբերության մի քանի նախանշաններ'
արյունոտ արտադրություն
լորձոտ խցանի անջատում, լորձոտ խտացումներ' արյան մասնիկներով: Հղիության ողջ ընթացքում արգանդի վզիկը ամուր փակված է լորձային խցանով: Եթե արգանդի վզիկը սկսվում է փոփոխվել' լայնանալ' պատրաստվելով ծննդաբերությանը, խցանը դուրս է ընկնում
ակամա փորլուծություն' կնոջ օրգանիզմը սկսում է պատրաստվել ծննդաբերությանը' ձերբազատվելով ՙավելորդություններից՚
ցավեր կոնքերում
պտղաջրերի հոսք' հեշտոցից սկսում է հոսել թափանցիկ հեղուկ' երբեմն թանձրացումներով և արնանման արտադրությամբ
կծկումների-երկունքի սկսում:
Կծկվանքների սկիզբը պարտադիր չէ, որ ցավոտ լինի: Ծննդաբերության սկզբում դրանք կարող են դրսևորվել իբրև ծանր զգացողություններ որովայնի ներքևում: Սակայն հղիության ընթացքում կանանց մոտ լինում են նաև կեղծ կծկվանքներ: Ինչպես հասկանալ դրանք կեղծ, թե իրական կծկվանքներն են:
Իսկական կծկվանքները ծննդաբերության սկզբում կրկնվում են ճիշտ, ժամանկային հավասարաչափ ընդմիջումներով: Աստիճանաբար ընդմիջումները կրճատվում են, իսկ ցավերը ավելի սուր են դառնում:
Ծննդաբերության գործընթացը բաժանվում է 3 փուլի
1.Բացում կամ էլ կծկվանքների փուլ
2.Երկունքի կամ ել պտղի վտարման
3.Ընկերքի ծնունդը
Առաջին փուլ
Բացում կամ էլ կծկվանքների փուլը' վերընշված երեքից ամենաերկարատևն է: Ծննդաբերության առաջին փուլը բաղկացած է 2 ենթափուլից' պասիվ և ակտիվ: Պասիվ փուլի ընթացքում կծկվանքները հազվադեպ են և թույլ: Եթե ջրերը չեն գնացել, դուք հանգիստ կարող եք մնալ տանը և զբաղվել տնային գործերով: Եթե ջրերը գնացել են, անհրաժեշտ է անհապաղ ծննդատուն գնալ: Ակտիվ փուլի ժամանակ կծկվանքները ցավոտ են դառնում, և նրանց միջև դադարները, որպես կանոն, 3-5 րոպե են տևում:
Արգանդի վզիկը սկսում է բացվել: Որպեսզի երեխան ծնվի, վզիկը պետք է բացվի շուրջ 10սմ, որպեսզի երեխայի գլուխը կարողանա անցնել:
Երկրորդ փուլ
Երկրորդ անգամ ծննդաբերող կանանց մոտ այս փուլն ավելի արագ է անցնում, քան առաջին անգամ ծննդաբերողների: Նրա տևողականությունը շատ գործոններից է կախված' ծննդաբերական գործընթացի լարվածությունից, ճիգերի ուժգնությունից, պտղի և մոր կոնքի չափսերի համապատասխանությունից, փոքրիկի գլխի դիրքից կոնքի նկատմամբ: Այս փուլի կծկվանքները տարբերվում են նախորդներից. ակտիվորեն կրճատվում են կրծքավանդակի, որովայնի և արգանդի մկանները: Կծկվանքների ժամանակ հնարավոր է կկղելու ցանկություններ առաջանան, ինչի շնորհիվ էլ երեխան շարժվում է դեպի ՙելքը՚:
Բոլորովի էլ պարտադիր չէ երկունքի ցավերի ժամանակ պառկել, ավելի հարմար է կանգնել' հենվելով պատին կամ էլ աթոռին, կամ էլ քայլել սենյակով: Ծննդաբերության երկրորդ փուլը ավարտվում է ծննդաբերական ուղուց երեխայի գլխի դուրս գալով, ապա շատ արագ ծնվում է երեխան ամբողջությամբ: Երեխային դնում են մոր փորին, և դուք ծանոթանում եք նրա հետ' ծննդաբերությունից հետո
հանգստանալով: Ծնվելուց 10-15 րոպե հետո երեխային պետք է մոր կրծքին դնել. դա նպաստում է արգանդի կրճատմանը և կաթի արտադրմանը:
Երրորդ փուլ
Ծննդաբերության երրորդ փուլը' ընկերքի ծնունդը, տևում է 5-30 րոպե: Այն ուղեկցվում է թեթև կծկվանքներով, որոնք տևում են մեկ րոպե կամ մի քիչ ավել: Երբ վերջապես ընկերքը դուրս է գալիս, բժիշկը հետազոտում է այն, որպեսզի համոզված լինի, որ այն ամբողջությամբ է դուրս եկել: Ապա ուսումնասիրում են կնոջը և հարկ եղած դեպքում կարեր են դնում:
Սրանից հետո ծննդաբերական գործընթացը ավարտվում է, և սկսվում է ձեր կյանքի նոր փուլը' մայրությունը: