50-ամյակն՝ առանց հերոս Հրաչի։ Պռոշյան համայնքի ղեկավար, Արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանն օգոստոսի 23-ին կդառնար 50 տարեկան, եթե ապրիլի 2-ին արձակված դավադիր գնդակից չսպանվեր։
Նրա հարազատ գյուղում "Մարտական խաչ" երկրորդ աստիճանի շքանշանակիր հերոսի ծննդյան 50-ամյակին նվիրված հիշատակի արարողությունը մեկնարկեց գյուղապետարանի մոտից։ Հենց այստեղ ապրիլի 2-ին հնչած դավադիր կրակոցը ընդհատեց արցախյան ազատամարտով անցած եւ արդեն խաղաղ պայմաններում հայրենիք կերտած հերոսի կյանքը։
Հիշատակի արարողությունը նախաձեռնել է "Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ" հասարակական շարժումը։ Ծննդյան շնորհավորանքներն այսօր հնչում են արցունքոտ աչքերով։
Հրաչի հարազատների, համագյուղացիների, նրա մարտական ընկերների համար այսօր եւս մեկ առիթ է հիշելու նրա գործերը։ Առանց Հրաչի են նշում ծնունդը, բայց ամեն ուր զգացվում է հերոսի շունչը՝ թե՛ գյուղում, որտեղ Հրաչ Մուրադյանը բազմաթիվ ծրագրեր իրականացրեց, թե՛ հերոսների այն պանթեոնում, որտեղ ամփոփվեց Հրաչը։ Ամփոփվեց իր մարտական ընկերների՝ Պետոյի, Կարոտի կողքին։
Դաշնակցության Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իր խոսքում կարեւորեց սպանության շուտափույթ բացահայտումը։ Դա է պռոշյանցիների, նաեւ ամբողջ հանրության պահանջը։ Միայն բացահայտումից, իրական մեղավորներին պատժելուց հետո գյուղում մթնոլորտ կփոխվի։ Իսկ սպանության բացահայտմանը պետք է օգնեն բոլորը, ովքեր սպանության հետ կապված տեղեկություններ ունեն։ Ծածկադմբոց անել գործը հնարավոր չէ։
Պռոշյանի համայքում շատ ծրագրեր գյուղապետ Հրաչ Մուրադյանը իրականացրեց բազմաթիվ բարերարների աջակցությամբ։ Իրենք՝ բարերարները, խոստովանում են՝ վստահել են Հրաչին անմնացորդ եւ հենց նրա նման գործընկեր ունենալու արդյունքում Պռոշյան համայնքում մի շարք խնդիրներ լուծվեցին։
"Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ, պետական մտածելակերպ դրսեւորենք եւ լավ հայ լինելու պատվին արժանանանք: Փոքր ազգ լինելու հանգամանքը մեզ ավելի պիտի պարտադրի հայրենասեր, ազգասեր ու միասնական լինել",- ասում էր Պռոշյանի գյուղապետը։
Հրաչ Մուրադյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանը՝ սպանության գործի նյութերին ծանոթանալով, հայտարարել էր, որ այդ սպանությունը Հրաչ Մուրադյանի գույքի, անձի, նրա մերձավորների դեմ ուղղված դիտավորյալ հանցագործությունների վերջին օղակն էր:
Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նույն համայնքի բնակիչներ Արտակ Պետրոսյանը եւ Արայիկ Պետրոսյանը։
Կից նյութն`այստեղ