Սասունցի Դավթի արձանը կոփածո պղնձից և բազալտից արձան է, որի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Արձանի բնորդն է հանդիսանում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը:
Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է: Արձանը բազմաթիվ անգամ պատկերվել բացիկների և ամսագրերի շապիկներին, բուկլետներում, լուսանկարներում, գրքերի նկարազարդումներում և ճամփորդական ուղեցույցներում' դառնալով Երևանի խորհրդանիշներից մեկը: