Թուրքիայում իր սկանդալային հրապարակումներով հայտնի «Թարաֆ» պարբերականը հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ սպանված Թուրքիայի քաղաքացի Մուսթաֆա Ուլքերի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ է հրապարակել։

Ըստ աղբյուրի՝ Ուլքերը զինված հարձակում է իրականացրել Հայաստանի սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի վրա։ Առավել ուշագրավ է այն, որ Ուլքերը նման փորձեր ավելի վաղ նույնպես կատարել է։

«Թուրքական կողմից հովիվների հոտը սկսել է կենդանիներն արածացնել Հայաստանի տարածքում։ Թեև թուրք սահմանապահները զգուշացրել են այդ մասին հովիվներին, սակայն նրանք շարունակել են անասուններին արածեցնել, ինչի հետևանքով նրանց մի մասն անցել է Հայաստանի տարածք։

Թուրքական հենակետից խնդրել են հայաստանյան կողմին հետ վերադարձնել անասունները, ինչն էլ հայկական կողմն արել է։ Սակայն անասունների մի մասը վնասված է եղել, այդ թվում նաև Ուլքերին պատկանող կենդանիները։

Վերջինս էլ որոշել է հայկական կողմից վրեժ լուծել։ Նա ձեռք է բերել թուրքական բանակի համազգեստ և գիշերով հարձակում իրականացրել ՌԴ սահմանապահ ուղեկալի ուղղությամբ, սակայն նրա վրա կրակ են բացել, ինչից հետո նա նահանջել է։ Նա ևս մեկ անհաջող փորձ է կատարել՝ զինված լինելով հրացանով։

Երրորդ նման հարձակման փորձի ժամանակ էլ Ուլքերը սպանվել է, երբ Հայաստանի սահմանը հսկող սահմանապահները կրակ են բացել նրա վրա՝ մահացու վիրավորելով գլխի հատվածում։

Նշվում է նաև, թե թուրք սահմանապահներն ավելի վաղ կարծել են, թե Ուլքերը պատրաստվում է հարձակվել իրենց վրա»,-գրում է «Թարաֆը»՝ հղում կատարելով Անկարայում իրականացվող հետաքննության արդյունքներին։

Այսպիսով, թուրքական լրատվամիջոցը հաստատում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի վարչության հայտարարությունը, թե Թուրքիայի քաղաքացին սահմանը խախտելիս զինված է եղել։ Իսկ թուրքական լրատվամիջոցներն ու ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարում էին, թե Ուլքերը զինված չի եղել և պատահաբար է անցել սահմանը։

allTurkey.am