Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե տեղեկությունը՝ Եգիպտոսը պատրաստվում է ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ ստորագրել, չի համապատասխանում իրականությանը։

Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Լևենթ Գյումրյուչքչյուն նշել է, թե եգիպտական կողմը տեղեկացրել է իրենց, որ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի անունից հրապարակումներ անող թվիթերյան միկրոբլոգը կեղծ է, և հետևաբար տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Թուրք պաշտոնյան նաև հավելել է, որ Մանսուրը «Թվիթերում» գրանցված չէ։

Նշենք, որ օգոստոսի 17-ին Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Մանսուրի անունով թվիթերյան միկրոբլոգում, որը բավական մեծ թվով հետևորդներ ուներ, գրառում էր հայտնվել, որում նշված էր. «ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցիչը կստորագրի միջազգային համաձայնագիր, որով ճանաչում է հայերի կոտորածները, որն իրականացրել է թուրքական բանակը և որին զոհ է գնացել մեկ միլիոնից ավել մարդ»:

Նշենք, որ վերջին շրջանում Եգիպտոսի և Թուրքիայի միջև հարաբերությունները զգալի սրված են, ինչը կապված է պաշտոնական Անկարայի՝ Եգիպտոսի ժամանակավոր կառավարությանը խիստ քնանդատության ենթարկելու և նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունը որպես հեղաշրջում որակելու հետ։

allTurkey.am