Աշխարհում այժմ գրանցված է 1426 միլիարդատեր, որոնց համախառն կարողությունը կազմում է 5,4 տրիլիոն դոլար

Մեքսիկայում հեռահաղորդակցման ոլորտում գործունեություն իրականացնող մագնատ Կառլոս Սլիմն աշխարհի ամենահարուստ մարդն է, իսկ երկրորդ տեղը զբաղեցնում է համակարգչային ոլորտում գործող խոշոր բիզնեսմեն Բիլ Գեյթսը:

«Ֆորբս» ամսագրի փոխանցմամբ, Սլիմն ու Գեյթսը, ինչպես և նախորդ տարի, գլխավորում են աշխարհը ամենահարուստ մարդկանց ցուցակը:

Ամսագրի համաձայն, Սլիմի կարողությունը կազմում է 73 միլիարդ դոլար: Ամենամեծ կարողություն ունեցող ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Գեյթսի կարողությունը գնահատվել է 67, իսկ երրորդ տեղում գտնվող՝ նորաձևության ոլորտում գործող իսպանացի Ամանիսիո Օրտեգայի կարողությունը՝ 57 միլիարդ դոլար:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի չորրորդ տեղը զբաղեցնում է ամերիկացի ներդրումային բանկիր Ուորեն Բաֆեթը, որին հետևում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում իր գործունեությունն իրականացնող Լարի Էլիսոնը:

«Ֆորբս» ամսագրի համաձայն, Ասիայի ամենահարուստ մարդը Հոնկոնգում արտադրության ոլորտում գործող Լի Քա-շինգն է, որը, ունենալով 31 միլիարդ դոլար կազմող կարողություն, ցուցակում զբաղեցնում է ութերորդ տեղը:

«Աշխարհում այժմ գրանցված է 1426 միլիարդատեր, որոնց համախառն կարողությունը կազմում է 5,4 տրիլիոն դոլար: Միլիարդատերերի մեծ մասը բնակվում է Միացյալ Նահանգներում», – գրում է ամսագիրը: