ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: Նախարարը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Լճաշեն,Չկալովկա, Գանձակ համայնքներ և հանդիպումներ ունեցել համայնքի բնակիչների, ֆերմերային տնտեսությունների և կոոպերատիվների անդամների հետ:
Չկալովկա համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունն են արտահայտել շահագործման հանձնված 3600 գծամետր ջրարբիացման ցանցի, տրամադրված գյուղտեխնիկայի կապակցությամբ, որն իրականացվել է «Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» ծրագրի շրջանակում: Գյուղատնտեսության նախարարը հանգամանորեն անդրադարձել է գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը, շեշտելով՝ որ այն կնպաստի գյուղացիների եկամուտների ավելացմանն ու աղքատության հաղթահարմանը: Արդեն կազմակերպված և հարյուրից ավելի անդամ ներգրաված կոոպերատիվներից մեկի ներկայացուցիչներն ասել են, որ իրենց կոոպերատիվի օրինակը ցույց է տվել ներդրված ծրագրի արդյունավետությունը՝ բարձրացել է կաթի մթերման արժեքը, նոր գյուղտեխնիկայի շնորհիվ արտադրողականության բարձր աճ է արձանագրվել: Համայնքի բնակիչները դիմել են նախարարին գյուղտեխնիկայի նոր խմբաքանակի խնդրով, ինչին Սերգո Կարապետյանը դրական պատասխան է տվել՝ մատնանշելով 6 տարով և ցածր տոկոսադրույքով տրամադրվող գյուղտեխնիկայի հնարավորությունը:
Գյուղատնտեսության նախարարը շրջել է նաև Լճաշենի և Գանձակի ցորենի, գարու արտերում և գնահատել բերքահավաքի արդյունքները: Գարու բերքի ծավալը ռեկորդային է՝ երեք անգամ ավելի նախորդ տարվա ցուցանիշից: Գարու 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 30,2 ցենտներ, ինչն անգամ Խորհրդային տարիներին չի գրանցվել: Աննախադեպ բերք է սպասվում նաև հացահատիկի 42 հազար հեկտար ցանքատարածությունից. ակնկալվում է հավաքել մինչեւ 120-130 հազար տոննա բերք: Մարզում ավարտվել է հունձը բազմամյա խոտաբույսերի կերհանդակներում: 1 հեկտարի միջին բերքատվությունը բավականին բարձր է՝ շուրջ 3-3,5 տոննա: Իսկ բնական խոտհարքերում հունձը ընթանում է արագ թափով և 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 2-2,5 տոննա: Համայնքի բնակիչներն այս արդյունքները բացատրում էին կառավարության կողմից սուբսիդավորված որակյալ սերմացուի և ազոտական պարարտանյութի հատկացմամբ, չմոռանալով, հիշատակել, իհարկե եղանակային բարենպաստ պայմանները:
Ոգևորիչ էին նաև Գեղարքունիքի մարզի անասնաբուծական ցուցանիշները:Բավական է նշել այն փաստը, որ տավարի գլխաքանակով մարզը հանրապետությունում առաջին տեղում է, ուստի մսի և կաթի արտադրության ծավալով Գեղարքունիքի մարզի ցուցանիշներն առայժմ անգերազանցելի են: Գյուղատնտեսության նախարարը Գանձակցիների հետ խոսել է մեքենայացված կիթի ներդրման հնարավորությունների և կաթի որակական ցուցանիշների բարելավման մասին, նշելով որ, ամեն մի համայնքում հարկ է ունենալ մթերող կետեր ՝ համապատասխան հնարավորություններով, որպեսզի անխափան գործի արտադրող, մթերող և վերամշակող շղթան:
Գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցն ամփոփվել Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ:
ՀՀ ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժին