Կարծում եմ, որ Կառավարության շենքի դիմաց հաջորդ պիկետը պիտի նվիրվի իր անսահման ցինիզմով արդեն բոլոր թույլատրելի ընկալումները գերազանցող Կովալենկո Շահգալդյանի դեմ: Այս լիսկայակերպը, որը դարձել է Կոտայքի անթագակիր բդեշխն ու տզրուկը, արդեն հասել է ազատամարտիկներին և ծաղրում է մեր մեծ ազատամարտը: Ուրեմն, տականքների դեմ պայքարի նոր թիրախը Կովալը պիտի լինի... Մանավանդ, որ բազմաթիվ փաստեր կան, որոնք արդեն վկայությունն են այն բանի, որ այս մարդը չպետք է մնա Կոտայքի մարզպետի պաշտոնում.

ԿՈՏԱՅՔԻ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ' ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ

Մի հին իրական պատմություն կա. Լոնդոնում հանդիպում են երկու աշխարհահռչակ գրող' սարսափելիորեն նիհարակազմ Բերնարդ Շոուն եւ սարսափելիորեն գեր Օնորե դը Բալզակը: Նայելով անգլիացի մեծ գրողին' Բալզակն ասում է. «Սը՛ր, Ձեզ նայելիս կարելի է ենթադրել, որ Անգլիայում սով է»: Սրախոս Շոուն պատասխանում է. «Այո՛, պարո՛ն, Ձեզ նայելիս էլ կարելի է ենթադրել, որ դրա պատճառը Դուք եք»: Այս պատմությունն արդիականանում է, երբ նայում ես Կովալենկո Շահգալդյանին, ապա հայացք հառում Կոտայքի մարզին. հենց մարզպետ Կովալն է դարձել այս մարզի գլխավոր դժբախտությունը, նրա հետընթացի ու տեղապտույտների գլխավոր մեղավորը:
Օրնիբուն զբաղված լինելով անձնական հարստությունների բազմապատկմամբ' այս մարդը ոչ թե հոգ է տանում մարզի մասին, այլ չարչարվում է միայն այն բանի համար, որ որդին ամրապնդի իր դիրքերը Չարենցավանի քաղաքապետի պաշտոնում, եւ իր արբանյակները մշտապես ղեկավարեն մարզի գլխավոր համայնքները: Դարվինը ճիշտ էր' բնության մեջ տեսակները միավորվում ու ոչնչացնում են մյուս տեսակներին: Հիմա Կովալի գերխնդիրն է դարձել Կոտայքի մարզը վերածել միջնադարյան ավատատիրության' իր կիսատ-պռատ բդեշխիկներով ու քեդխուդաներով: Դե ինքն էլ գլխավոր բդեշխն է, որն ընդամենը սովորել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա ֆակուլտետի մեխանիկական բաժնում, մեկ էլ' արտաքին տնտեսական կապերի եւ կառավարման կոոպերատիվ ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում: Այսինքն' մի կրթությունը հեռակա, իսկ մյուսն էլ մասնավոր բուհում: Ավելին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Կովալը կոոպերատիվ համալսարանն ավարտել է 1996-ին, երբ «Հայավտո» ԲԲԸ-ի տնօրենն էր, ուրեմն այս մի կրթությունն էլ, ինչպես ասում են, որեւէ բանի նման չէ:
Չունենալով մասնագիտական կրթություն' այս մարդը 1963-ից աշխատել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանում որպես կոնստրուկտոր, ապա' բուհի դիպլոմը 1969-ին ստանալուց հետո' արտադրամասի պետ: 1974-ին էլ աշխատանքի է անցել Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանում, այստեղ էլ ամեն ինչ սկսել է «ստորին» օղակներից' լինելով վարպետ, իսկ դրանից հետո էլ' գործիքային, դարբնոցային եւ հավաքման արտադրամասերի պետ: Հետագայում իր կյանքը կապել է «Հայավտո» միավորման հետ' աշխատելով որպես արտադրության պետ, գլխավոր տնօրենի տեղակալ: 1992-ին նշանակվել է «Արմավտո» ԲԲԸ գործադիր տնօրեն: Երկու տարի Չարենցավանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո' 2001-ին, նշանակվել է Կոտայքի մարզպետ: Այսպիսով' նա Հայաստանի հնագույն մարզպետն է: Եւ հնագույն լինելով' մեծ սեր ունի հնի ու ավերածությունների հանդեպ: Մարզկենտրոն Հրազդան մտնելիս արդեն զգում ես, որ սա անտերունչ «մայրաքաղաք» է, որի միակ մշակութային օջախում բացակայում են... հանդիսատեսների համար նախատեսված աթոռները, ուստի համերգներն այստեղ միշտ բացօթյա են կազմակերպվում:
Կովալենկո Շահգալդյանն, իհարկե, իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է ահռելի չափերի հասնող սեփականություն դիզել, իր հարազատներին տեղավորել բարձր պաշտոններում' օգտվելով ծառայողական դիրքից եւ երկրի իշխանությունների հետ ունեցած սերտ հարաբերություններից: Այսպես, բացի այն, որ նա տղային «տուրուդմփոցով» դարձրել է Չարենցավանի քաղաքապետ, նաեւ փեսային' Հրանտ Կարապետյանին է նշանակել տվել Շիրակի մարզի հարկային տեսչության պետ: Կովալենկո Շահգալդյանի հարազատ քույրը' Գայանե Շահգալդյանը, Չարենցավանի հարկային ծառայության վարչություններից մեկի պետն է, քեռու երկու աղջիկները' Չարենցավանի թիվ 1 եւ 6 դպրոցների տնօրենները: Կոտայքի մարզպետարանի ՏԻՄ հարցերով վարչության պետը' Սամվել Հակոբյանը, նույնպես նրա ազգականն է, իսկ նրա որդին' Վահե Հակոբյանը, Չարենցավանի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի պետն է' քաղաքի գլխավոր ճարտարապետը:
Հիշատակենք նաեւ Կովալենկո Շահգալդյանի մեքենայություններից մեկի մասին. դեռեւս 2007թ. կառավարության պահուստային ֆոնդից թիվ 997 որոշմամբ 100 մլն դրամ էր տրամադրվել Չարենցավան քաղաքին: Այդ գումարից 60 մլն դրամը նախատեսվել էր բազմահարկ շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար, 22 մլն դրամը' ասֆալտապատման, իսկ մնացած 18 մլն դրամն էլ պիտի ծախսվեր փախստականների թաղամասի գազաֆիկացման նպատակով: Հատկացված 60 մլն դրամով պիտի նորոգվեին շուրջ 43 շենքի հարթ տանիքներ, սակայն այդ աշխատանքները չեն կատարվել: Կառավարությանը ներկայացված կատարողական ակտում Կ. Շահգալդյանը ներկայացրել է ինչ-որ թվեր, համաձայն որոնց' ամեն ինչ կատարված է: Սակայն իրականում վերանորոգվել է ընդամենը 22 շենքի հարթ տանիք, այն էլ էժանագին նյութերով, որոնք ձեռք են բերվել Շահգալդյաններին պատկանող արհեստանոցներից: Բնակիչներից շատերից էլ յուրաքանչյուր շենքի համար հավաքվել է 300.000-ական դրամ, ինչը, սակայն, կառավարությանը ներկայացված կատարողականում չի նշվել: Ի դեպ, գումարների հավաքագրմամբ զբաղվել են մարզպետարանի աշխատակիցները, ինչն էլ նշանակում է, որ ամեն ինչ արվել է Կովալենկո Շահգալդյանի գիտությամբ: Պատահական չէ, որ բնակիչներն ասում են, թե Կովալը ռեկետ է արել: Համաձայն Կովալենկո Շահգալդյանի ներկայացրած կատարողական ակտի' յուրաքանչյուր շենքի համար ծախսվել է 1 մլն 850.000 դրամ (այն ժամանակվա' 1 ԱՄՆ դոլարը 300 դրամ փոխարժեքով), սակայն իրականում մեկ շենքի վրա կատարած աշխատանքները, ըստ մասնագետների, չեն գերազանցում 300.000 դրամը: Այսինքն' ճիշտ այն գումարի չափը, որքան հավաքել են որոշ շենքերի բնակիչներից»:
Մարզպետության շրջանում Շահգալդյանը հասցրեց Երեւանից մինչեւ Կոտայք ձեռք բերել ահռելի ունեցվածք, սեփականաշնորհել «Հայավտո»-ն' այսպես պետական պաշտոնը համատեղելով բիզնեսի հետ: Բա մեր երկրում որեւէ վարչապետ կամ տարածքային կառավարման նախարար չի՞ տեսնում, որ այս մարզպետն արդեն անցել է թույլատրելիության բոլոր սահմանները, կտրատել Ծաղկաձորի անտառներն ու կառուցել մի վեհաշուք հյուրանոց' անունն էլ կնքելով «No problem»: Ասենք, ինչո՞ւ ենք հիշատակում տարածքային կառավարման նախարարի անունը, երբ Արմենչիկն է Շահգալդյան ընտանիքի հովանավորը, հենց նա կարողացավ չգոյացնել Սաշիկ Աֆյանին Կոտայքի մարզպետ նշանակելու խոսակցությունները: Իհարկե, ասում են, որ Արմեն Գեւորգյանը մի մտերմիկ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել Կովալին որդու «սեփականությունը» դարձած Չարենցավանից ընտրվել ԱԺ պատգամավոր եւ հինգ տարի էլ անցկացնել խորհրդարանում' հովանավորելու համար սեփական բիզնեսը, բայց Կովալը շատ ավելի հակված է այն բանին, որ որդի Սուրենը նորից պատգամավոր դառնա, իսկ ինքն էլ պաշտոնանկության դեպքում ստանձնի Չարենցավանի կառավարումը: Այդ դեպքում արդեն հարց կառաջանա փոխել Չարենցավանի անունն ու դարձնել Կովալավան...
Բայց այլ լուրեր էլ կան այն մասին, որ պատգամավոր են ուզում դառնալ հայր եւ որդի' առաջադրվելով թիվ 25 եւ 31 ընտրատարածքներում: Հավանաբար հենց այդ պատճառով էլ Կովալը սկսել է մաս-մաս վաճառել «Հայավտո»-ն, որպեսզի փող հավաքվի' ընտրակաշառքներ բաժանելու համար: Բացի այդ, այս օրերին ակնհայտ քարոզչություն իրականացնելով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի օգտին' ընդհուպ աշխատանքից ազատել տալով մյուս թեկնածու Սասուն Միքայելյանի համախոհներին' Կովալը հույս ունի, որ Արամ Դանիելյանն էլ, քաղաքապետ դառնալով, իրեն պիտի օգնի: Ինչ խոսք, հաշվի առնելով այն փաստը, որ Կովալի քաղաքական «կնքահայրն» ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀԿ շտաբի ղեկավար նշանակված Հովիկ Աբրահամյանն է, Կովալն իր ապագայի մասին մտահոգվելու տեղիք ունի: Գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանի գործերը ՀՀԿ-ում այնքան էլ լավ չեն. նա դադարել է վայելել Սերժ Սարգսյանի վստահությունը եւ ներկայումս ՀՀԿ-ից քշվածների ցուցակում առաջինն է: Հետեւաբար, նա դժվար թե կարողանա Կովալին օգնել առաջիկայում պահել մարզպետական աթոռը, դրա համար էլ Կովալը պիտի մնա Արամ Դանիելյանի ու նրա «ռանգի» ՀՀԿ-ականների աջակցության հույսին:
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ