Mrs. Carter Show համերգային ծրագրով շրջագայող Բեյոնսեն հերթական անգամ անսպասելի իրավիճակում է հայտնվել:
Daily Mail-ի փոխանցմամբ, այս անգամ Ֆիլադելֆիայում համերգի ժամանակ երգչուհու ամուսինը՝ Jay Z-ն, անսպասելիորեն բեմ է բարձրացել եւ համբուրել կնոջը: Այդ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բեյոնսեն ներկայացնում էր իր երաժիշտներին եւ պարողներին:
Ավելի վաղ Մոնրեալում համերգի ընթացքում Halo երգը կատարելու ժամանակ հսկայական ֆենը «կուլ էր տվել» աստղի մազերը:
Բեյոնսեն կանգնել է սարքի առաջ՝ սպասելով, որ այն կծածանի իր մազերը: Սակայն տեխնիկան չի արդարացրել: Ի պատիվ երգչուհու նշենք, որ մինչ տեխնիկներն ու անվտանգության պահպանման աշխատակիցները փորձում էին նրա մազերն ազատել սարքի գերությունից, Բեյոնսեն հանգիստ շարունակել է երգել:
Հիշեցնենք, որ համերգներից մեկի ժամանակ Բեյոնսեն իր երկրպագուին ուշաթափության էր հասցրել: Ծրագրի վերջում նա որոշել էր կատարել Irreplacable երգը: Բեյոնսեն մոտեցել էր բեմեզրին՝ երկրպագուների ձեռքերը սեղմելու համար: Մի երիտասարդ նրա ձեռքը սեղմելուց անմիջապես հետո սկսել էր երջանկությունից թռչկոտել:
Այդ ժամանակ երգչուհին ծնկի էր իջել եւ հանդիսատեսի գոչյունների ներքո գրկել նրան: Երբ Բեյոնսեն հեռացել է, տղամարդը կորցրել է գիտակցությունը:

LoveYou.am