Այսօր «Բարեւ Երեւան» խմբակցությունով շրջանառության մեջ դրեցինք Երեւանի Ավագանու ուղերձի նախագիծ (այն դեպքում, երբ քննարկվող հարցը ուղղակի առնչություն չունի ավագանու լիազորությունների հետ, կարող են ընդունվել միայն ուղերձներ եւ հայտարարություններ ուղղված քաղաքապետին, ժողովրդին կամ պետական մարմնին, իսկ տրանսպորտի ոլորտում ավագանին ֆուկ է արված): Խմբակցության ընկերներիս' Գագաիկ Բաղդասարյանի, Անահիտ Բախշյանի ու Դավիթ Սանասարյանի հետ միասին այն փորձեցինք ներառել այսօր ժամը 17:00-ին նշանակված ավագանու իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, որին մեր խմբակցությունից անդամակցում ենք ես եւ Արթուր Գասպարյանը: 1 ժամ տեւած բանավեճը բան չփոխեց. հանձնաժողովի նախագահը պնդում էր, որ ուղերձի հիմքում պետք է դրված լինի Երեւանի քաղաքապետի որոշումը տրանսպորտի սակագնի բարձրացման մասին... Պատկերացրեք, որ նա իրավացի էր: Որքան էլ որոշ հանձնաժողովականներն ընդունեն, որ այս իրավիճակը օրինավոր չէ, երբ քաղաքապետի որոշումը չկա, իսկ թանկացումների մասին հայտարարությունները փակցված են ամենուրեք, այդուհանդերձ իրենց խնդիրը չեն համարում որոշումը Տարոն Մարգարյանից պոկելը: Եւ պատահական չէ, որ մինչ օրս Տարոն Մարգարյանը չի հրապարակել իր տխրահռչակ որոշումը: Ուր որ գնում ես բողոքարկելու' որոշումն են ուզում: Բայց շուտով այս էժանագին շոուն կավարտվի: Մի քանի օրից նա ստիպված կլինի հրապարակել թե որոշումը, թե նաեւ մեր խմբակցությանը տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Այդ դեպքում ինչի՞ վրա է հույսը դրել Տարոն Մարգարյանը. միթե՞ նրա, որ ավագանին ավելի կատարյալ արձակուրդի մեջ ընկնի՞... Իսկ ուղերձը մենք կրկին կդնենք շրջանառության մեջ' նրա մեջ ընդամենը ավելացնելով Տարոն Մարգարյանի որոշման համարն ու օրը: Ահա սա էր պակասում այսօր հարցը օրակարգում ներառելուն....
Կից նյութն`այստեղ