Ճապոնիայում եթե գործարարի տարեկան միջին շահութաբերությունը գերազանցում է 3 տոկոսը, նա համարվում է հաջողակ: Հայաստանում 3 տոկոս շահութաբերությունը' գործարարի մոտալուտ անփառունակ վաճխանի վկայությունն է: Կապիտալի նախասկզբնական կուտակման ժամանակներին բնորոշ այս հիվանդությունը ինչ որ տեղ հասկանալի է (խաղի նոր կանոններ, նոր դերակատարներ…), ու մարդիկ, գտնվելով խորը անորոշության և դեպրեսիայի մեջ, ստիպված համակերպվում են, մտածելով և հուսալով, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Բայց չէ որ այդ «Ռուբիկոնը» վաղուց ենք անցել և օլիգարխն ու նրան սպասարկող չինովնիկնը չունեն «ինքնահաստատման» խնդիր:
Ինչպես հայտնի է, եթե ժամանակին հիվանդությունը չի կանխվում, այն տարածում է ստանում: Սակայն բժշկությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ անհույս թվացող հիվանդին, անգամ կոսմետիկ, բայց հետևողական և շարունակական միջամտությունների արդյունքում հնարավոր է եղել պարգևել ապրելու բերկրանքը:
Առանց հանրային քննարկման ու թափանցիկության ապահովման, քաղաքապետարանը չէր հաշվարկել, որ կարող է հայտնվել 50 դրամանոց փոսում, իսկ համընդհանուր ախտի վերածված «Մինիմում 50 տոկոս շահութաբերություն» հիվանդության մետաստազները կարող են տեղի տալ: Օրգանիզմն առողջանում է, իսկ դա նշանակում է, որ կապիտալի նախասկզբնական կուտակման ժամանակները վաղուց անցել են ու պետք է ընդունել, որ Հայաստանում աստիճանաբար ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, և որ տեղի ունեցող իրադարձությունները պետք է ազդակ դառնան հիվանդությունը տարածողների համար: