Դեռ մի քանի տարի առաջ կարող էիր հանդիպել մարդկանց, որոնք ուշադրություն էին դարձնում, այս կամ այն քաղաքական գործչի հնչեցրածների վրա: Մենք ինքներս շատ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են փողոցում սովորական մարդիկ լայն քննարկումներ ծավալել, որևէ քաղաքական հայտարարության, կամ քաղաքական տեսակետի առնչությամբ: Սակայն, այդ էլ վերջացավ. ծայրահեղ աղքատությունը ստիպեց մարդկանց ընդհանրապես չլսել, որևէ մեկին: Բազմաթիվ ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական ուժերի կողմից արված խոստումների գրեթե 90 տոկոսը մեղմ ասած «ուտոպիա» է իրենից ներկայացնում: Այսօր մարդիկ այլևս առաջվա նման չեն ասում'-«Տեսար, թե ինչ ըմբոստ ելույթ ունեցավ, Մ… քաղաքական գործիչը, այս ինչ հարցի վերաբերյալ»: Ժողովուրդը հասել է մի այնպիսի սահմանագծի, երբ նրան բացի ռեալ գործերից, ոչ մի այլ շեղող հանգամանք չի հետաքրքրում: Նրանք կարոտ են մնացել իրական գործողություններին: Նրանք ակնկալում են տեսնել, այլ ոչ թե՝ լսել: Մարդկանց մի որոշ զանգվածի մոտ, այնպիսի ամպագոռգոռ արտահայտությունները, ինչպիսին են «մենք դիմակայելու ենք և հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները», «Հայաստանը գտնվում է մարտահրավերների կիզակետում», «հազարամյակների մարտահրավերները պետք է ընդունենք պատվով», կամ «Հայաստանի առաքելությունը միջազգային քաղաքականության մեջ» ..., ուղղակի նյարդայնացում է առաջացնում: Նրանք այդ պահին ցանկանում են հնչեցնել՝ հերի´ք է խոսեք ու խոսեք, հերի´ք է այլևս համբերություն չկա ձեր անհեռանկարային ճառերը լսելու, մենք հացի փող չունենք, արդեն կարելի է ասել տրանսպորտով դժվարանում ենք տեղաշարժվել, անբժշկությունից շատերը մեզանից մեռնում են, իսկ դուք առավոտից իրիկուն ֆետիշանում եք հանրության առջև:
Կարեն Թումանյան