Ճանապարհային ոստիկանների հետ պատմություններ միշտ լինում են:
Բայց այսօրվա եղածը շատ տիպիկ և մտահոգիչ է այլ առումով:
Խոսքս խախտման կամ իմ մեղավորության կամ անմեղության մասին չէ իհարկե:
Մեջբերեմ մեր խոսակցությունը, դուք դատողությունները արեք:
- Բարև Ձեզ
- Ողջույն
- Դուք խախտում եք կատարել, դեղին լույսի տակ խաչմերուկը անցաք:
- Այո, իհարկե պետք է դեղինի տակ անցնեի, քանի որ կանաչի ժամանակ մուտք եմ գործել խաչմերուկ և պետք է խաչմերուկը ազատեի:
- Ոչ, դուք խաչմերուկ մտել եք կարմիր լույսի տակ:
- Դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է, ես մտել եմ կանաչի տակ վերջին պահին: Եթե ունեք հակառակի ապացույցներ, խնդրում եմ ներկայացնեք:
- Ախպեր, հո ես քո հետ վիդեոկամերայով չեմ խոսալու:
- Իհարկե միայն կամերայով պետքա խոսաք, ցույց տվեք նկարած ապացույցը:
- Դուք կարող եք բողոքարկել իմ որոշումը 10 օրյա ժամկետում:
- Դա ձեր կարծիքն է, որը ոչնչով ավելին չէ իմ կարծիքից: Իսկ ես հակառակն եմ կարծում:
- Ինչա բողոքարկելու ես իմ որոշումը?
- Անպայման, կասկած չկա դրանում:
- Տվեք Ձեր փաստաթղթերը:
- Խնդրեմ:
- Հիմա ինչ անենք ԱՇՈՏԻՉ ???
Այստեղ ես արդեն չդիմացա:
- Ես ձեզ համար ԱՇՈՏԻՉ չեմ: Շատ ցավալի է, որ 25 տարվա անկախ երկրի ոստիկանը ՀՀ քաղաքացուն ԱՇՈՏԻՉ է ասում: Ռուսական ստրկամտության լավագույն ձևով: Ռուսները իրար պարոն Ղազարյան չեն ասում չէ? Դուք ինչի եք ասում? ԱՇՈՏԻՉ կարող են ասել ՀԱԿՈԲԻՉԻՆ, ԱԶԱՏԻՉԻՆ, բայց ոչ ինձ:
- Բա ոնց դիմեմ?
- Դիմեք պարոն Ղազարյան: Հայերեն դիմեք, ոչ թե ռուսերեն: Իմ համար ԱՇՈՏԻՉ դիմելաձևը նույնն է, ինչպես որ ԱՇՈՏ ՕՂԼԻ-ն: Տարբերություն չեմ տեսնում:
- Չէ, տենց չեմ դիմի, ինչ ես ասում? Ընկեր ոնց որ տրամադրությունդ էսօր տեղը չի, իմացեք որ մենք էլ ենք մարդկային: Վերցրու փաստաթղթերը: Հաջողություն:
- Լավ եղեք:
Եթե ԱՇՈՏԻՉ-ով դիմելաձևը ընդունված է նախագահից, նախարարներից, մարզպետներից մինչև ճանապարհային ոստիկան - սա է ինքնության կորուստը:
Անկախությունը չի կորցվելու մեկ ակնթարթում: Դա երկարատև ներքին գործընթաց է: Որի դրսևորումներից մեկը այս ուծացումն է: