«Ինչպե՞ս կարելի է ազատվել սթրեսից, անհանգստությունից մեդիատացիայի միջոցով: Ի՞նչ վարժություններ կառաջարկեք, որ կարելի է անել կարճ ժամանակում, եւ դժվար չեն լինի»:

LN- ընթերցող Ալինա Հակոբյանի հարցին պատասխանում է Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:

Սթրեսից ազատվել օգնում են առաջին հերթին յոգայի շնչառական մեթոդները: Առաջարկում եմ շնչառության վրա հիմնված հետեւյալ մեդիտացիան:

Այն ցանկալի է կատարել վաղ առավոտյան՝ արթնանալուն պես, երբ ուղեղը դեռեւս հանգիստ է: Ցանկալի է, որ այդ ընթացքում չլինեն խամգարող հանգամանքներ, օրինակ՝ հեռախոսազանգ: Մեդիտացիային պետք է հատկացնել 10-20 րոպե: Նախընտրելի է այն կատարելիս լսել որեւէ մեդիտատիվ երաժշտություն կամ բնության ձայներ:

Բազկաթոռին կամ աթոռին նստեք այնպես, որ հարմար լինի. չափազանց կարեւոր է, որ մեջքը ուղիղ լինի: Զգացեք հաճելի ծանրություն, պատկերացրեք, որ Ձեր ողնաշարը ուղիղ է եւ ազատ, այնուհետեւ կոպերը իջեցրեք եւ փակեք աչքերը: Կատարեք լիարժեք շնչառության 7 փուլ:

Քթով դանդաղ խորը շնչեք, 3 վայրկյան շունչը պահեք, այնուհետեւ քթով դանդաղ արտաշնչեք: Շնչառությունն ավարտելուց հետո այդպես նստած մնացեք մոտ 1 րոպե, այնուհետեւ դանդաղ բարձրացրեք կոպերը, կիսաբաց աչքերով կրկին դանդաղորեն փակեք աչքերը եւ վերադարձեք Ձեր նորմալ ֆիզիոլոգիական շնչառությանը: Զգացեք Ձեր ներսում տիրող լռությունը: Մտովի թուլացրեք ուսերը, զգացեք ձեռքերի հաճելի ծանրությունը բազկաթոռի հենակներին: Սկսեք հետեւել, թե ինչպես են շնչելու ընթացքում շարժվում որովայնի մկանները: Մի միջամտեք այդ աշխատանքին: Եղեք կողմնակի դիտորդ: Զգացեք, թե ինչպես են որովայնի մկանները կծկվում եւ թուլանում, ինչպես է թթվածինը ինքնաբերաբար մտնում մեր թոքերը եւ դուրս գալիս այնտեղից, ինչպես են քթանցքերը թարմություն զգում օդի հոսքից:

Այնուհետեւ ուշադրությունը կենտրոնացրեք գլխի գագաթին եւ պատկերացրեք, որ պրանան (կենսական էներգիան) գլխի գագաթով Ձեր մարմին է լցվում տիեզերքի անծայրածիր տարածությունից: Արտաշնչման ժամանակ պատկերացրեք, որ կանաչ գույնով ներկված՝ սիրո, բարեկամության, բարության եւ կարեկցանքի զգացմունքները սրտի մակարդակով դուրս են գալիս կրծքավանդակի կենտրոնից եւ տարածվում Ձեզ մոտ գտնվողների, այնուհետեւ Ձեր տան, քաղաքի բնակիչների վրա: Նույն կերպ ողջունեք Ձեր երկրի բնակիչներին. կարծես տիեզերքից նայելիս լինեք երկրին ապա երկրագնդի բոլոր կենդանի էակներին:

Այնուհետեւ հայացքն ուղղեք դեպի անսահմանություն եւ ողջունեք ողջ տիեզերքին:

Աշխարհը մշտապես զգում է սիրո եւ խաղաղության կարիք, եւ Դուք կարող եք Ձեր սերը նվիրաբերել ողջ աշխարհին, երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր կենդանի էակին:

Մեդիատացիայի վիճակից դուրս գալու համար կենտրոնացեք Ձեր մարմնի վրա, մի քանի անգամ խորը շնչեք, ապա դանդաղ արտաշնչեք եւ դանդաղորեն բացեք աչքերը: Եթե մեդիտացիայի ընթացքում զգաք, որ շեղում են ինչ-որ մտքեր, ապա մի անհանգստացեք, այդպես պետք է լինի, քանի որ մտքերը ճոճանակի պես գնում են կամ անցյալ, կամ անորոշ ապագա. Ձեր խնդիրն է կարողանալ մնալ ներկայում՝ «այստեղ եւ հիմա»: