Իժևսկի մեքենաշինական գործարանի կոնստրուկտորներն մշակել են «АК-12» մոդելը՝ պահպանելով այս ավտոմատների դասական պարզ կառուցվածքը և միաժամանակ նրանում օգտագործելով նորագույն նյութեր ու տեխնոլոգիաներ: Դրա շնորհիվ բարելավվել է հատկապես ավտոմատի փողի որակը, թույլ տալով բարձրացնել մենահատ կրակի ճշգրտությունը: Բացի այդ, հաջողվել է թուլացնել նաև հետհարվածի ուժը, ինչն ինքնին բարձրացրել է ավտոմատ կրակի արդյունավետությունը:
«АК-12»-ը ստեղծողների հավաստմամբ, այն համապատասխանում է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված բոլոր պահանջներին և արտահանվելով Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին կօգնի նվաճելու նոր շուկաներ զենքի միջազգային առևտրի ասպարեզում: Նոր ավտոմատը կարող է հիմք հանդիսանալ 5,45х39 միլիմետրից մինչև 7,62х51 միլիմետր տրամաչափի փամփուշտներով կրակող քսան տարբեր մոդիֆիկացիաների ստեղծման համար: «АК-12»-ը, մենահատից ու ավտոմատից բացի, ունի նաև երեք կրակոց արձակող ռեժիմ, արտասահմանյան արտադրության ներփողային նռնակների օգտագործման և ամենատարբեր սարքավորումների ամրացման ու կիրառման հնարավորություն: