Ցավալի լուր. ինքնասպան է եղել հայտնի գրող Վրեժ Իսրայելյանը

Այսօր ինքնասպան է եղել հայտնի գրող, ՊՆ լրատվության և քարոզչության վարչության նախկին պետ Վրեժ Իսրայելյանը:

Shamshyan.com-ը հայտնում է, որ Իսրայելյանի տանը' բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին, ում աջ ձեռքին կա հրազեն: Գրասեղանի վրա հայտնաբերվել է նաև նամակ, որում ըստ տեղեկությունների, Վ. Իսրայելյանը ինքնասպանությունից առաջ գրել է, որ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել և գրել է, որ «չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»: Նամակի մոտ դրված է նաև իր կողմից հեղինակած «Վաղ, թե ուշ» գիրքը:

Yerkir.am-ի տեղեկություններով' Իսրայելյանը վերջին ժամանակներս վատառողջ էր, և մի քանի օր առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում հետազոտվելիս պարզվել էր, որ նրա մոտ առկա է արդեն խորացված քաղցկեղ: Գրողի հարազատները պատրաստվում էին նրան տեղափոխել արտասահման' բուժումը կազմակերպելու նպատակով: Կարելի է ենթադրել, որ Վրեժ Իսրայելյանն այս քայլին է դիմել հարազատներին սպասվելիք դժվարություններից ազատելու համար:

Վրեժ Իսրայելյանը 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և ավագ խմբագիր:
1979-81-ին գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982-ից «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն է: 1993-99-ին' ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից 2009թ. եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին:
Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» և այլն):

Ցավակցում ենք ցավակցում է Վրեժ Իսրայելյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: