Գրեթե հարյուր տարի առաջ մի թուրք ուզեցավ տարբերվել մյուս թուրքից. հայ գաղթական կնոջը օրորոցային երկվորյակների հետ քարանձավում հայտնաբերելով: Նա զսպեց իր արյունակիցների մոլուցքը և փորձեց ստեղծագործական լիցք հաղորդել իր գործողություններին: Այդ «ստեղծագործության» արդյունքում այսօր ես կամ: Թուրքի այդ տեսակը գաղթական կնոջը փոխշահավետ գործարք առաջարկեց. եթե կինը խեղդի իր երեխաներից մեկին, ինքը խոստանում է պահպանել կնոջ և մյուս երեխայի կյանքը: Երևի կռահեցիք, որ տատս «ընդունել է» գործարքի պայմանները:
Արևելյան Հայաստան հասնելուն պես, հենց Էջմիածնում, մայր տաճարի դեմ հանդիման, տատս խելագարվեց: Հայր, որբանոցներում գոյատևելով, իր կյանքը բերեց-հասցրեց ինձ:
Այլ բաների հետ նա ինձ կտակեց նաև այս պատմությունը: Իմ կյանքի շատ ու շատ դրվագներ մոռացել եմ, բայց սա հիշում եմ:
Գրեթե հարյուր տարի անց, Ղարաբաղյան պատերազմի մասին պատմվածք մտմտալիս, հանկարծ հայտնաբերեցի, որ ցավը երևակայության թշնամին է: Ես պատերազմին չեմ մասնակցել, բայց տեսնում եմ, թե ինչպես է ծարավ հողը արյուն խմում, թե ինչպես են արեգակի շողերը խտտում սպանվածի դեմքը, և ինչպես է դրսից սողոսկող ջերմությունը դուրս մղվում նրա սառչող երակներից: Տեսնում եմ, թե ինչպես է վախը արիություն ծնում, և ինչպես են վաղվա հերոս հռչակվողները վախից թրջում իրենց տաբատները: Պատերազմը մարսելու համար խելք պետք չէ. մի քիչ հանդգնություն, մի քիչ էլ չտեսություն: Սխալ բան պիտի ասեմ, բայց ապացուցելու եմ, որ ճիշտ է. պատերազմ չտեսած գրողը ավելի լավ է զգում այն, քան այդ ողբերգության միջով անցածը: Ականատեսները միշտ պատերազմի մեջ սխալ բան են փնտրում և այնքան են խորանում այդ զբաղմունքի մեջ, որ կորցնում են ամենաէականը: Այնպես որ, առանց խղճի խայթ զգալու, սեփականել եմ այն, ինչ ուրիշին է պատկանում, ինչպես մեծն Տոլստոյը սեփականեց իր նախնիների պատերազմն ու խաղաղությունը:
Այն, ինչ պատմելու եմ, հորինվածք է, գրողի երևակայության արդյունք: Հայ և թուրք ազգայնականներին, այս և այն կողմի ականատեսներին խնդրում եմ' գլուխս ջարդելուց առաջ բարի եղեք մի քանի ակնթարթով մտնել հարյուրամյա այն քարանձավը, որտեղից ես չեմ կարողանում դուրս գալ:

* * *
Քամին ազգային պատկանելիություն չուներ. հայ երկրապահների դիրքերը հոտոտելով… Աշոտի աչքերին թոզ փչելով, անարգել խախտեց հայ-ադրբեջանական ռազմաճակատային գիծը և հայտնվեց ազերի կամավորականի մորուքի մեջ: Իր զորությունը գիտակցելով' քամին հանդգնեց ծաղրել հակառակորդների մարտավարական ծրագրերը, նրանց հայրենանվեր նկրտումներն ու հայեցակարգերը, սողոսկեց թշնամիների ինքնաձիգների փողերի մեջ, սվսվացնելով մերթ հայկական, մերթ թուրքական մեղեդիներ, որոնք մերթընդմերթ միաձուլվելով հավասարակշռում էին ազգերի ինքնորոշման իրավունքի և պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման միջազգային դրույթները: Հաշտարարի իր առաքելությունը քամին շարունակեց հարևան երկրների խաղաղ բնակավայրերին փոխանցելով իրենց քաջազուն զավակների հաղթական տրամադրությունները:
– Էս քամին էլ բռնաբարեց-թողեց,– ցաք ու ցրիվ եղած մորուքը հավաքելով ասաց ազերի կամավորականը:
Նույն պահին, հակառակ դիրքում, Աշոտ անունով հայ երկրապահը,սրտնեղելով քամուն իր սրածայր բեղերի դիմակայությունից, հայհոյեց.
– Ես քո տիրոջ մերը...
Քամին հայհոյանքներին պատասխանելու ցանկություն չուներ. մի քիչ հող հայկական դիրքերից, մի քիչ հող ադրբեջանական դիրքերից գողացավ, խառնեց-խառնշտեց, դես փչեց, դեն փչեց, հայ-ադրբեջանական մի փոշու ամպ սարքեր ու հավասարաչափ բաշխեց հակառակորդներին:
– Պարոն գնդապետ,– փոշի կուլ տալով ասաց ազերի կամավորականը,– մի հայ քածի ենք ճանկել: Խոսքը մեր մեջ, շատ համովն է: Ասում եմ' դեսերտի փոխարեն...
– Ռեստորանում չես, Մաքսուդ,– ասաց գնդապետը,– հետո էլ' ճաշակելուց առաջ գոնե մորուքիդ ոջիլներից ազատվիր: Հայերը ոջիլից զզվում են:
– Գերու զզվանք հարցնո±ղն ով է: Մենք մեր գործը ոնց-որ պետք է կանենք... Դժգոհ չի մնա...
Գնդապետ Մեհմեդ Ամիրօղլին զտարյուն թուրք լինելուց զատ, այլ առաքինություններ էլ ուներ: Չուլ ու փալասի մեջ կոլոլված այս կամավորական կոչեցյալ խաժամուժից զզվում էր.
«Իբր հայրենասեր են: Շան հոտ է գալիս նրանցից: Եվ սրա±նք պետք է հայերի վերջը տան»: Նա աշխարհ տեսած մարդ էր: Գիտեր սեփական արժանապատվությունը որպես ազգային արժանապատվություն հրամցնելու նրբությունները: Գիտեր անգլիացուն, հնդիկին, ռուսին ու ճապոնացուն, մյուսներին: Ապրել էր հաղթելու և պարտվելու քաղցրություններն ու դառնությունները: Նրա պատվին թուրքական կիսալուսինը փողփողացել էր աշխարպի ազդեցիկ ասպարեզներում: Նա առաջին թուրքն էր օսմանյան կայսրության պատմության ընթացքում, որին հաջողվել էր նվաճել հրաձգության աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դրան նա արժանացել էր եզրափակիչում մի հայ մարզիկի հաղթելով:
Այդ փաստը իր ազգակիցներին ավելի էր ոգևորել, քան բուն տիտղոսը: Հայրենիքում նրան դիմավորել էին որպես ազգային հերոսի, ինչը շոյում էր նրա ինքնասիրությունը, շեշտում նրա յուրահատուկ մարդկային կերտվածքը: Ինչինչ... թուրք հասարակությունը գնահատում է իր այն զավակներին, որոնք ամենադիպուկն են խոցելու արվեստի մեջ: Ըստ գնդապետի' թուրքական պատմությունը միտված է դեպի թիրախները. դրանք են օսմանյան կայսրության տեսլականի թափանիվները: Գուցե դա էր պատճառը, որ Ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրերից նրա մեջ ծնվեց իր արյունակից ազերիներին մարզելու առաքելությամբ, ռազմաճակատ գործուղվելու մտադրությունը:
«Ես չկորաղացա այս թափթփուկներին հասկացնել, որ թիրախը վերազգային բան է: Ամեն ինչի վրա գրում են «հայ» և կրակում այդ ուղղությամբ: Դրա համար էլ հաճախ են վրիպում: «Եթե ուզում ես խոցել' մոռացիր, որ թուրք ես, մոռացիր որ նա հայ է» ասում եմ նրանց: Իսկ նրա±նք... «Ախր ո±նց մոռանանք, պարոն գնդապետ»: Ես չկարողացա հասկացնել, որ հային գլխավոր թշնամի հռչակելով, մենք վիրավորում ենք մեր ինքնությունը, նսեմացնում մեր նախնիների երազանքները»,– մտածում էր գնդապետը, և այդ պահերին հուսահատությունը պատում էր նրան: Նույնիսկ Թուրքիա վերադառնալու որոշում էր կայացրել, սակայն ինքնասիրությունը համառել էր: Մեհմեդ Ամիրօղլու հռչակը միանգամից տարածվեց ադրբեջանական զորքերի մեջ: Գնդապետը կամավորականների վստահությունը շահելու ջանք գրեթե չգործադրեց: Ալլահի կողմից նրան շնորհված մարզական տաղանդը, որպես հաղթանակի խորհրդանիշ, ներծծվեց պատերազմի տրամաբանության մեջ:
– Պարոն գնդապետ,– շարունակեց Մաքսուդ անունով կամավորականը,– ղարաբաղցի տղաներից մեկը ոնց որ թե ճանաչում է այդ քածին, ասում է հայերի հրամանատարի քույրն է:
Գնդապետը իր այտոսկրերը ծամծմելով ասաց.
– Լավ է, շատ լավ է:
– Ասում եմ' խրտվիլակ սարքենք ու էն բարձունքին տնկենք: Թող տեսնեն իրենց ապագան:
– Հայերին սեփական խրտվիլակով չես վախեցնի,– ասաց գնդապետը,– նրանք իրենց արյունից էլ գինի կեփեն: Նրանց հետ ուրիշ լեզվով պիտի խոսես:
– Հայերի հետ խոսելու միայն մեկ լեզու գիտեմ,– ասաց կամավորականը,– քրտվիլակի լեզուն:
Նրանք դեռ անցյալի մեջ են, օգնենք թող այնտեղ էլ մնան:
– Իսկ մե±նք, մենք հիշելու բան չունե±նք,– զայրացավ գնդապետը:
– Ո±րն է լավ, հիշեցնե±լը, թե± հիշելը,– շարունակեց Մաքսուդը:
– Ալլահը վկա,– ասաց գնդապետը,– հայ թե թուրք, նույն բաներն են հիշում և մոռանում:
– Ատում եմ հայերին,– բորբոքվեց կամավորականը,– ճանճի պես միշտ հայտնվում են այն կաթսայի մեջ, ուր մեր երազանքն է եփվում:
– Ատելությունը նույնպես սնունդ է,– ասաց գնդապետը,– հրեաներին և հայերին պետք չէ ատել' զորեղանում են:
– Ուրեմն, սրբել է պետք աշխարհի երեսից,– ներեց կամավորականը:
– Դե սրբիր,– հեգնեց գնդապետը,– էս' դու, էն էլ' հայերը: Թե± ուժդ միայն մի աղջնակի վրա է պատում:
– Մաքսուդը մեր գլխին հայագետ է դարձել,– գնդապետին դուր գալու միտումով ծաղրեց մեկ այլ կամավորական:
– Ցավդ տանեմ, էս ի±նչ լավ բան ասացիր. հայագե¯տ... իսկական անուն է, թե չէ' Մաքսուդ... Մաքսուդ... չի էլ հնչում,– խառնվեց մեկ ուրիշը:
– Այո¯,– ծոր տվեց գնդապետը,– չի հնչում:
– Ահա°,– վախից կծկված աղջկան ցույց տալով' ասաց նոր-նոր «Հայագետ» մականունը վաստակաց Մաքսուդը,– ընդամենը սա է հայ կոչվածը: Թույլ տուր վախը չափեմ, արյունս ղզղնել է:
– Ո°չ,– սրտնեղեց գնդապետը,– այս գեղեցկուհին իմ խաղընկերն է:
– Խաղընկե±ր,– ուսերը թոթվեց Մաքսուդը,– ի±նչ խաղընկեր:
– Ես ռազմաբենի արտիստ եմ,– ասաց գնդապետը,– սիրում եմ լեփլեցուն դահլիճներ և անսահման երևակայություն:
Թե ինչեր էր մտածել Ամիրօղլին, կամավորներից ոչ ոք չկռահեց: Ընդունում էին նրա հեղինակությունը, անձը, ավելի քան իրենց լպրծուն գեներալներին, որոնց ռուսահունչ ադրբեջաներենից զզվում էին նույնչափ, որչափ քաղաքական ճարտասաններից:
– Ինձ մենակ թողեք,– սենյակ մտնելով կարգադրեց գնդապետը:
Նստեց սեղանի առջև, հայացքը հառեց ճերմակ թղթին:
«Նամակ հայ կամավորական ջոկատի հրամանատարին»,– բարձրաձայն արտասանեց ու սկսեց գրել' ցուցադրելով վայելչագեղության իր տաղանդը:
«Պարոն հրամանատար, եթե ադրբեջանական դիրքերից մի թուրք գնդապետ նամակ է հղում հայ հրամանատարին, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Ես ազերի չեմ, ոչ էլ ազերին է թուրք (ինչպես դուք եք պնդում). պարզապես մեզ միավորում և մեկ ազգ է դարձնում հայերի հանդեպ ունեցած մեր նույնական ատելությունը: Ես չեմ առաջարկում քանդել մեր և ձեր միջև եղած այդ պատնեշը, բայց հավատացնում եմ, որ այս պահին ատելությունը չէ, որ ինձ մղում է գործարքի առաջարկով Ձեզ դիմել: Մեզ մոտ մի հայ աղջնակ կա: «Գերություն» բառը նրան չի սազում, դրա համար էլ չեմ շեշտում: Ես խոսքի մարդ եմ, այն ինձ համար ավելին արժե, քան ազգային պատկանելությունն ու ատելությունը: Գիտեմ, որ հայերդ պատվի մարդ եք: Ես Ձեզ հնարավորություն եմ տալիս փրկել աղջնակի (մեր տվյալներով Ձեր քույրն է) կյանքն ու պատիվը: Առաջարկում եմ հինգ մենամարտ նրա համար' ինչպես հին, երանելի ժամանակներում էին անում, երբ խոսքը խոսք էր, պատիվը' պատիվ: Ընտրեք Ձեր լավագույն դիպուկահարներին: Նրանց հետ առանձին-առանձին մենամարտելու եմ ինքս, եթե կենդանի մնամ: Եթե սպանվեմ որևէ մենամարտի ընթացքում, աղջնակը անվնաս Ձեզ կհանձնվի: Եթե հինգին էլ հաղթեմ' դարձյալ կստանաք նրան: Որպեսզի չկասկածեք, որ ծուղակ է, չեզոք տարածքում առաջինը ինքս կհայտնվեմ: Կկրակենք ատրճանակներով. 40 մետր հեռավորությունից: Որպեսզի խաբեություն չփնտրեք վարքիս մեջ, պարզեմ իմ նպատակը. ես լավ եմ կրակում և վստահ եմ, որ հինգ մենամարտում էլ կհաղթեմ: Իսկ դուք, ուզած ելքի դեպքում էլ, աղջնակին փրկելու հարյուր տոկոսանոց հնարավորություն եք վաստակում: Փոխշահավետ առաջարկ է' ես հայրենիք կվերադառնամ իմ կենսագրությունը հարստացրա, իսկ դուք' հայի Ձեր տեսակը կպահպանեք: Վստահ եմ, որ ճիշտ որոշում կկայացնեք: Եթե ընդունենք, որ այս գործարքը հայ-թուրքական հինավուրց խաղ է, ապա ինձ իրավունք եմ վերապահում ստորագրել այսպես. Ձեր խաղընկեր, գնդապետ Մեհմեդ Ամիրօղլի»:
Այս անգամ քամին հակառակ կողմից էր փչում. ադրբեջանական դիրքերը հոտոտելով, Մաքսուդի աչքերին թոզ փչելով, նա անարգել կտրեց ադրձեջանա-հայկական ռազմաճակատային գիծը և հանդիպեց հայ երկրապահ ջոկատի հրամանատար Աշոտ Վարդանյանի սրածայր բեղերի դիմակայությանը:
– Կամանդիր,– ասաց երկրապահներից մեկը,– թուրքը նամակ է ուղարկել:
Ռուսական բառեր օգտագործելով' հայ երկրապահները փորձում էին իրենց զինվորական կեցվածքին լրջություն հաղորդել:
Թուրքը նամա¯կ է ուղարկել...– փոստատար քամին լուրը տարածեց խրամատի երկայնքով:
– Ավետի±ս է, թե գույժ. ջոկատը այն ընդունեց խանդավառությամբ: Նամակագրությունը միշտ էլ հայ-թուրքական հարաբերությունների ամենաարհա¬մարհված ժանրն է եղել:
– Եթե թուրքը նամակ է գրում, ուրեմն, թուրք չէ,– ասաց դեռ քսանը չբոլորած մի տղա, որին երգիծելու տաղանդի համար «Մեղու» մականունն էին կպցրել:
– Եթե թուրք չէ, ուրեմն ազերի էլ չէ,– ասաց մեկ ուրիշը:
– Եթե ազերի չէ, ուրեմն խարտոցն է,– հանրահայտ անեկդոտըը ակնարկելով խայթեց «Մեղուն»:
«Կամանդիր» տիտղոսով մեծարված երկրապահը, որի աչքերին ժամեր առաջ աներես քամին թոզ էր փչել, սրածայր բեղերը ոլորեց, սփյուռքահայերից նվեր ստացած առաջնակարգ սիգարը վառեց, խորը շնչեց ախորժալի ծուխն ու ասաց.
– Չմեռանք' թուրքի նամակին էլ արժանացանք:– Բացեց նամակն ու զարմացած ասաց,– ի¯նչ գեղեցիկ ձեռագիր ունի:
Ձեռքով մոտ կանչեց երկրապահներից մեկին:
– Մոտեցիր ծանրաձողին, «Լեզվաբան»,– ասաց նա,– ճիշտ կթարգմանես, շեշտի տեղը' շեշտ, բութի տեղը' բութ:
– Թուրքերը կետադրական նշաններ չունեն,– ասաց «Մեղուն»,– նախադասությունը սկսում է Ալին, շարունակում է Վալին:
Նամակը, որ շեքսպիրյան հերոսներին վայել ճարտասանությամբ արտասանեց «Լեզվաբանը» ցնցող տպավորություն թողեց հայ երկրապահների վրա: Ազդեցիկ էին թե Մեհմեդ Ամիրօղլու գրելաոճը, թե աղջնակի գերության փաստը, ինչին անտեղյակ էր ջոկատը, թե գնդապետի գործարքի լրջությունն ու նրա ինքնավստահությունը:
– Արա, «Լեզվաբան»,– ասաց երկրապահներից մեկը,– ոնց որ թուրքի նամակ կարդալու համար ծնված լինես: Չլինի± շպիոն ես:
Ջոկատը սրամտելու տրամադրություն չուներ: Լրջացել էր նույնիսկ «Մեղուն»:
– Կամանդիր,– ասաց նա,– դու գիտեի±ր...
– Ե±ս... Կարևոր չէ,– կմկմաց Աշոտը:
– Ի±նչ ենք անելու,– տխուր հարցրեց երկրապահներից մեկը:
– Թակարդ է,– ասաց մեկ ուրիշը:
– Անիծյալ թուրք,– նետեց «Լեզվաբանը»,– ինչ էլ խելոք է շարադրել:
– Ես կմենամարտեմ,– առանց շրջվելու ասաց մի երկրապահ:
– Ես էլ:
– Ես էլ:
– Դու կրակել չգիտես,– ասաց «Մեղուն,– ձգանը ատամով ես քաշում:
– Ռուսների հրաձգարանը մեր տնից հարյուր մետրի վրա էր,– ասաց մի ղարաբաղցի,– նրանց մթերք էինք տանում, փոխարենը մեզ' երեխաներիս կրակել էին սովորեցնում:
– Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարծում եք,– տխուր ասաց հրամանատարը:
– Մեր պատվի հետ է խաղում շունը և ոչ միայն պատվի...– ասաց «Լեզվաբանը»:
– Ես գիտեմ այդ գնդապետի մասին,– ասաց հրամանատարը,– նա մեր հինգին էլ կսպանի:
– Կամանդիր, էդ ի±նչ ես ասում,– բորբոքվեց երկրապահներից մեկը,– հո մենք սոխի գլուխ չե±նք: Էդ գնդապետ է, ինչ զիբիլ է, թուրք է, չէ±, հո Ալլահը չի±:
– Եթե համաձայնենք' մեր հինգին էլ կսպանի: Նա աշխարհահռչակ հրաձիգ է, աշխարհի բազմակի չեմպիոն:
Հրամանատարի խոսքերը ռումբի պայթյունի պես տակն ու վրա արեցին խրամատը: Բոլորը սսկվեցին:
– Մեհմեդ Ամիրօղլին անկեղծ է, սա «հայ թուրքական հինավուրց խաղ է»,– լռությունը խախտեց հրամանատարը:
– Խաղը' խաղ, հասկացանք,– բորբոքվեց տարեց երկրապահը,– չկա± այնպիսի «խաղ» որտեղ աշխարհահռչակ հրաձիգը հայը լինի:
– Կա այդպիսի խաղ,– ասաց հրամանատար Աշոտ Վարդանյանը,– ինքը' թուրք գնդապետն է հուշում. «հայի ձեր տեսակը կպահպանեք»:
– Ի±նչ իմանանք, ո±րն է «հայի մեր տեսակը», էն ինչ-որ կանք, էդ ենք:
– Մեհմեդ Ամիրօղլին նենգ գործարք է առաջարկել' հինգ մահ մեկ կյանքի դիմաց: Հա, ասեմ, որ այդ աղջնակը իմ քույրը չէ, ես քույր չունեմ: Բայց դա չէ կարևորը: Նա ուզում է մեկ անգամ էլ ճանաչել իր թշնամուն: Ուզում է իմանալ, հայը ընդունա±կ է հինգին զոհել մեկին փրկելու համար: Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ: Հենց դա պետք է պարզենք: Պատերազմական օրենքներով եթե դատենք, ճիշտ որոշում կկայացնենք, բայց հայի մեր տեսակը չենք պահպանի: Եթե հայի մեր տեսակը պահպանենք, Մեհմեդ Ամիրօղլուն կօգնենք, որ նա էլ թուրքի իր տեսակը պահպանի և հայրենիք վերադառնա «իր կենսագրությունը հարստացրած»: Սա է խնդիրը: Մտածենք: Կես ժամից պատասխան եմ գրելու:
Կես ժամից հայ երկրապահ ջոկատի հրամանատարը «Լեզվաբանի» օգնությամբ գրեց պատասխանը: Ընդհանուր համաձայնությամբ բարձրագույն հրամանատա¬րության հետ այդ հարցը չքննարկեցին' վերադասին փրկելով «հայի իրենց տեսակը» պարզելու տանջալից փնտրտուքից: «Լեզվաբանը» ջանք չխնայեց վայելչագրության նույնքան պատշաճ մակարդակ ապահովելու համար: Պահպանվեց նաև թուրք գնդապետի հրամցրած հարգալից ոճը:
«Թուրք գնդապետ Մեհմեդ Ամիրօղլուն:
Պարոն գնդապետ, Ձեր նամակը ընթերցվեց ամոբողջ ջոկատին: Որոշումը կայացրինք քվեարկությամբ' շրջանցելով ռազմական օրենքները: Դուք խնամքով թաքցրել էիք Ձեր հրաձգության աշխարհի չեմպիոն լինելու փաստը: Իզու¯ր... Այդ փաստը ավելի հաստատակամ դարձրեց մեր վճիռը: Ձեր «կենսագրությունը հարստացրած հայրենիք վերադառնալու» զուտ թուրքական երազանքը և «հայի մեր տեսակը պահպանելու» հորդորը ավելի քան անկեղծ էր: «Հայ-թուրքական հինավուրց խաղի» Ձեր առաջարկը ընդունում ենք չնչին հավելումով' հինգերորդ մենամարտողը ես եմ լինելու (համոզված ենք, որ նախորդ չորս մենամարտերում Դուք հաղթելու եք) և կրակելու ենք երեք մետր հեռավորությունից: Այն բավարար է միմյանց աչքերի մեջ նայելու համար: Ատելության այն պաշարը, որ դարեր շարունակ գոյացել է մեր միջև, կսպանի և° ինձ, և° քեզ: Կենսագրություն հարստացնելու ավելի գեղեցիկ ձև ես չգիտեմ: Ցանկալի է «խաղը» սկսել առավոտյան, որպեսզի ձերոնք և մերոնք առջևում մտածելու օր ունենան: Եթե Ձեր առաջարկած խաղին իմ չնչին հավելումը Ձեզ չի վախեցնում, ապա ինձ իրավունք եմ վերապահում ստորագրել այսպես.
Ձեր մահընկեր, հայ երկրապահ ջոկատի հրամանատար'
Աշոտ Վարդանյան»:
Քամին, եթե ռազմական փորձագետ լիներ, չէր հաջողելու տարբերակել հակառակ դիրքերում ամրացած թշնամական բանակները միմյանցից. նույն համազգեստները, նույն բեղ-մորուսները, նույն տանջահար, բայց մարտականորեն տրամադրված դեմքերը, նույն անհամ, երբեմն' համով կատակները, նույն զենքերը, որոնց արձակած պայթյուններից թշնամու չափ իրենք էին վախենում: Ի±նչ իմանա քամին, թե սրանցից որն է թուրք, որը' հայ: Ախր, գաղտնիք էլ չկա, որ մեկից առնես' մյուսին տաս: Երկուսն էլ թիրախ են. անձրև եկավ' երկուսն էլ թրջվում են, կայծակը երկուսին էլ խփում է, անտեր շունը երկուսի վրա էլ հաչում է: Մեկն էլ չկար, որ ասեր. «Քամի, այ քամի, մարդկանց գործերին մի խառնվիր», ոչ այս կողմից, ոչ այն կողմից մեկն էլ չկար, որ քամուն ժողովուրդների հերոսական պատմություններից դրվագներ հիշեցներ, Օսմանյան կայսրության և Մեծ Հայքի քարտեզները անձամբ քջջելու պատեհություն ընձեռեր: Բայց դե քամին հենց նրա համար է քամի, որ լսելու ընդունակ չէ, իր գործի տերն է' մեկ այս կողմից, մեկ այն կողմից փչում է ու փչում...

* * *
Պատմվածքի սկզբում խոստովանեցի, որ այսպիսի դեպք չի եղել, այն գրողի երևակայության արդյունքն է: Եղել է, թե չի եղել' այն իր տրամաբանական ավարտը պետք է ունենա: Ընթերցողը պարտավոր է իմանալ. կատարե±ց արդյոք Մեհմեդ Ամիրօղլին իր զուտ թուրքական երազանքը' հարստացնել իր կենսագրությունը: Հաջողվե±ց, արդյոք, հայ երկրապահ ջոկատի հրամանատար Աշոտ Վարդանյանին երեք մետրից նայել թուրք գնդապետի աչքերի մեջ. և ի±նչ տեսավ այնտեղ: Արդյո±ք հինգի մեջ էին «Մեղուն», «Լեզվաբանը»: Իսկ աղջնա±կը...
Վերջիվերջո ինչպե±ս ավարտվեց հայ-թուրքական հինավուրց խաղը...
Գրողի ճակատագիր է, ինքն իրեն փորձանքի մեջ է գցում և ամբողջ կյանքում փորձում է այդ փորձանքից դուրս գալ: Եթե ճշմարտությունն ասեմ' կամ այս կողմից, կամ այն կողմից գլուխս կջարդեն. ընդամենը արձանագրում եմ փաստը' հայ ժողովուրդը փառահեղ հաղթանակ տարավ այդ պատերազմում (սա արդեն իմ երևակայության արդյունքը չէ): Իսկ «հայ-թուրքական հինավուրց խաղի» մասին կասեմ հետևյալը. այն շարունակվում է: Ինչու± է շարունակվում, այդ էլ կասեմ. աղջնակը գերությունից ազատագրվելուց հետո ծնողների հետ արտասահման է մեկնել և, ըստ լուրերի, ամուսնացել է թուրքի հետ (երդվում եմ, սա նույնպես գրողի երևակայության արդյունքը չէ):
Ամեն ինչ խառնվեց իրար. եթե Մեծն Տոլստոյին հաջողվեց սեփականացնել իր նախնիների պատերազմն ու խաղաղությունը, ես ընդամենը կարողացա մտնել հարյուրամյա մի քարանձավ ու այնտեղից դժվար թե դուրս գամ:

Վրեժ Իսրայելյան

Հ. Գ. Աստված հոգիդ լուսավորի, տաղանդավոր մարդ