Սեւ կետերը կամ կոմեդոններն առաջանում են՝ ավելցուկային մաշկային ճարպով, մաշկի մահացած բջիջներով եւ փոշու մանր հատիկներով դեմքի ճարպագեղձերի խցանման հետեվանքով: Այս ամենի արդյունքում ծակոտիները մգվում են, որն էլ հենց տալիս է մաշկի վրա սեւ կետերի տեսողական էֆեկտ: Հիմնականում կոմեդոնները հայտնվում են T-զոնայում (քիթ, ճակատ, կզակ), որն ամենայուղոտ եւ պրոբլեմատիկ հատվածն է:
Սեւ կետերի առաջացման պատճառներից մեկը դա մաշկի ոչ ճիշտ խնամքն է կամ մաքրության պակասը: Այսպես օրինակ, շատ կարեւոր է լավ մաքրել մաշկն ամեն առավոտ եւ հատկապես ամեն երեկո՝ քնելուց առաջ: Աշխատեք երբեք չպառկել քնելու առանց լվացվելու կամ մաշկի մաքրման այլ միջոցներ, օր. լոսյոն օգտագործելու: Կոմեդոնների կանխարգելման համար ցանկալի է նաեւ գոնե շաբաթը 1-2 անգամ լրացուցիչ մաքրել մաշկը կեղտից եւ վնասակար նյութերից, օգտագործելով մաքրող դիմակներ եւ դեմքի պիլինգ:
Սպիտակուցային մաքրող դիմակ
Ձվի մեկ հում սպիտակուցին ավելացրեք մեկ ճաշի գդալ շաքար եւ լավ հարեք մինչեվ լուծվի: Պատրաստված դիմակի կեսը քսեք դեմքին եւ թողեք մինչեւ լրիվ չորանա: Հետո վրայից քսեք դիմակի մնացած մասը եւ մատներով ու ափերով ինտենսիվ թափահարեք ամբողջ դեմքի մակերեսը: Ինչ է այդ պահին տեղի ունենում: Այդպիսի հարվածների ժամանակ ձեր մատների եւ դեմքի մաշկի միջեւ առաջանում է կպչուն զանգված, որը ծակոտիների ողջ պարունակությունը դուրս է քաշում: Շարունակեք այս գործողությունը, մինչեւ ձեր ձեռքերը չդադարեն կպչել մաշկին:
Վերջում դիմակը լվացեք սառը ջրով եւ դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Սեւ կետերից ազատվելու համար այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական մի քանի անգամ: Եթե մաշկը չոր է, քսեք այն միայն սեւ կետերի շրջանում՝ T-զոնայում : Շատ յուղոտ մաշկի դեպքում կարելի է դիմակը քսել ողջ դեմքին:
Ձվի սպիտակուցով եւ հալվեով դիմակ
Մեկ հում ձվի սպիտակուցին ավելացրեք երկու թեյի գդալ կիտրոնի եւ նույնքան հալվեի (алоэ) տերեւներից քամված հյութ: Լավ խառնեք կամ հարեք հարիչով, որից հետո խյուսի կեսը քսեք մաքուր մաշկին՝ այն հատվածներին, որտեղ կան սեւ կետեր: Երբ դիմակն ամբողջովին չորանա, վրայից քսեք մնացած մասը: 10-15 րոպեից լվացվեք սառը ջրով:
Մաքրող դիմակ՝ սոդայով
Դեմքի աղտոտված ծակոտիները եւ սեւ կետերը լավ մաքրում են բնական միջոցները, որոնց կազմության մեջ մտնում է սոդա: Իհարկե ցանկալի չէ այն օգտագործել, եթե մաշկի վրա կան պզուկներ եւ այլ բորբոքային երեւույթներ: Կես թեյի գդալ սոդան խառնեք նույն քանակությամբ մանր աղի հետ: Դեմքը շփեք շատ տաք, գրեթե եռման ջրով, նույն ջրի մեջ թրջեք նաեւ բամբակի կտորը: Պատրաստված սոդայի եւ աղի խառնուրդից մի պտղունց ցանեք բամբակի վրա եւ զգուշությամբ քսեք խոնավ մաշկին, բայց միայն այն տեղերում, որտեղ կան սեւ կետեր:
Կարիք չկա ուժեղ տրորել մաշկը, սահմանափակվեք թեթեւ, մեղմ շփումներով: Հետո լվացվեք ավելի սառը ջրով, եւ դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Այդպիսի մաքրող միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել ոչ հաճախ քան շաբաթը մեկ անգամ: Աղի փոխարեն սոդայի հետ կարելի է խառնել մանրացրած վարսակ կամ թեփ:

loveyou.am