Վերջերս ներկա գտնվեցի Չարենցի կենսագրության մասին պատմող ֆիլմի շնորհանդեսին: Ողբալի էր ինձ համար իմ սեփական աչքերով տեսնել հայ ժողովորդի պատմության ծանրագույն էջերի մասին պատմող այդ ֆիլմը: Առավել ցավալի էր ազգի գլխհատման ու համատարած վախի մթնոլորտ սերմանելու գաղափարի ամբողջովին գիտակցում իմ կողմից…հասկանում ե՟ք ԻՄ, ով չի տեսել 1937 թվական: Այդ գիտակացումը ինձ սպանեց հիմնովին եւ ստիպեց հասկանալ այսօրվա հայի հոգեբանությունը: Իրականում այդ վախի մթնոլորտը շարունակվել ու շարունակվում է սերմանվել մեր ժողովրդի մեջ առաջ Սովետական Միության, այժմ էլ ՀՀ պետական իշխանությունների կողմից: Մարդիկ, որքան էլ տարօրինակ թվա, դեռ հավատում են, որ պատերը լսում են, որ իրենց հետեւում ու նկարում են եւ հարկն եղած դեպքում նույնիսկ կգնդակահարեն:
Իրոք դրանում ես համոզվեցի, երբ բախտ ունեցա տնից տուն, Երեւանի համայնքից համայնք, մարզից մարզ շրջել, երբ լսեցի համատարած «պատերն էլ ականջ ունեն» արտահայությունը ու տեսա վախը մարդկանց աչքերում: Վախի արմատներով օր օրի խորացող անտարբերությունը հեշտ չի վերանում մարդկանց սրտերից:
1937 թվականին տիրող «մահվան վախն աչքերում հոգեվարք ապրող» մարդկանց միշտ այդ վիճակում պահելու համար արվում է ամեն ինչ' լուսանկարվում են անվախները, պատժվում են խոսացողները, ուշի ուշով հետեւում են մտածողների քայլերին:
Այս մթնոլորտը պահվում է հաստատուն 1937 թվականից մինչեւ 1974 թվական ու մինչ այսօր…ասածիս վառ ապացույցն է իմ կողմից վերջերս վերընթերցած 1974 թվականին լույս տեսած Ալեքսանդր Սոլժենիցինի' իր հայրենիքից վտարվելուց անմիջապես առաջ ռուս ժողովրդին ուղղված հորդորը: Ցավով պետք է նշեմ, որ չկա տարբերություն այս հոդվածում բերված իրականության եւ ներկայիս Հայաստանի միջեւ…Ստորեւ ձեզ եմ ներկայացնում վերոնշյալ հոդվածից հատվածներ, զուգահեռները ակնհայտ են…
«Ինչո՟ւ այսպես եղավ, ինչո՟ւ չկարողացանք ապօրինությունների դեմն առնել, ինչո՟ւ կարողացանք սադրանքի միջոցով ժողովրդական շարժումը արգելակել: Որովհետև, այնուամենայնիվ ժողովրդի մի մեծ մասին համակել է համընդհանուր հոգևոր կործանումը: Նրանք այնքան են անհուսալիորեն ապամարդկայնացել, որ հանուն հանապազօրյա համեստ կերակրատաշտի կտան բոլոր սկզբմունքները, շունչը, մեր նախնիների բոլոր ջանքերը, սերունդների բոլոր հնարավորությունները. միայն թե չխափանեն իրենց գոյությունը: Այնպիսի տպավորություն է կարծես թե մենք նույնիսկ երրորդ համաշխարհային պատերազմից չենք վախենում, երկրի դատարկվելուց չենք վախենում, մեր հայրենիքը կորցնելուց չենք վախենում, մենք միայն վախենում ենք քաղացիական կեցվածքից ու արության քայլերից: Միայն թե չկտրվենք հոտից, միայնակ քայլ չանենք և հանկարծ մնանք առանց բիզնեսի, առանց աշխատանքի, առանց սպիտակ հացի: Այնինչ կարող ենք ստրուկի նման ծառայել և ունենալ այս ամենը և ի լրացումն մեզանից թեկուզ մի փոքր մասը կարող է ունենալ շքեղ տուն, մեքենա ու այն ամենը ինչ այնքան անհրաժեշտ է շռայլ ու անբարոյական կյանքի համար:
Մենք վախենում ենք, պատճառաբանելով, թե մենք ինչ կարող ենք անել: Մեր բերանները փակել են, ինֆորմացիոն աղբյուրներից զրկվել ենք: Այս էլ որերրորդ անգամ փորձում ենք նրանց վերընտրել, բան դուրս չի գալիս: Արևմուտքում մարդիկ իրենց հարցերը լուծում են գործադուլների ու ցույցերի միջոցով, իսկ մեզ մոտ խաղաղ ցույցը պատժվում է ոչ թե ոստիկանության միջոցով, այլ բանակով:
Կան իհարկե այլ բռնի փոփոխությունների ուղիներ, որոնք հիմնականում անցնում են երիտասարդների մտքով: Սակայն մենք լավ ենք հասկանում, որ մեթոդների նողկալիությունը ծնում է արդյունքների նողկալիություն: Մեր ձեռքերը թող մաքուր լինեն:
Ուրեմն մտանք փակուղի՟: Եվ ելք իսկապե՟ս չկա: Մեզ մնում է անգործ սպասել. գուցե մի օր մեր գլխին էլ արև բացվի:
Սակայն երբեք այլանդակությունը մեզանից ինքն իրեն պոկ չի գա, եթե մենք բոլորս օրեր շարունակ ճանաչենք, փառաբանենք ու հաստատուն դարձնենք այն, եթե ետ չքաշվանք գոնե դրա ամենազգայուն հատկանիշից' ստից:
Երբ բռնությունը ներխուժում է խաղաղ մարդկային կյանք, այն դառնում է ինքնավստահ ու շուտ է ծերանում և որպեսզի չկորցնի իր երբեմնի հզորությունը դաշնակցում է Ստի հետ: Սա միակ էֆեկտիվ դաշնակցությունն է քանի որ բռնությունը քողարկվում է ստով, իսկ սուտը հարատևում է բռնությամբ: Սակայն սուտը սնվում է մեր բոլորի ամենօրյա մասնակցությամբ:
Եվ հենց այստեղ է ընկած մեր կողմից անտեսված մեր ազատագրման ամենապարզ, ամենամատչելի բանալին, անձամբ չմասնակցել ստին: Թող որ սուտը տիրում է ամեն ուր. թող տիրի ոչ իմ միջոցով: Սա ամենահեշտն է մեզ համար և ամենակործանարարը ստի համար: Քանզի երբ մարդիկ ետ են քաշվում ստից, այն պարզապես դադարում է գոյություն ունենալուց: Վարակի պես, այն կարող է գոյություն ունենալ միայն մարդկանց մեջ:
Եվ այսպես բոլորս պետք է ընտրենք (գիտնական թե լրագրող, ծրագրավորող թե տնային տնտեսուհի, գրող թե արվեստագետ, ուսանող թե ծառայող) արդյոք մենք մնում ենք ստի ծառա (իհարկե, ոչ թե հենց այնպես, այլ ընտանիքը կերակրելու համար, երեխաներին ստի ոգով դաստիարակելու համար), թե եկել է ժամանակը, որ մեր վրայից սուտը թոթափենք որպես ազնիվ մարդ, արժանի և' մեր երեխաների, և' ժամանակակիցների հարգանքին:»
Այս հոդվածում պատկերված Հայաստանի մասին չէին երազում այն երիտասարդները, որ անխնա-ԱՆՎԱԽ զոհվեցին Արցախի մարտերում: Ու չէին ՎԱԽԵՆՈՒՄ գլխատվելուց իրականության մասին բղավող ազգի մտավորականները 1937 թվականին:
Մենք դեռ չենք հասկացել, որ ի տարբերություն 1937,1974 թվականների այժմ ազատությունը կախված է օդում եւ մենք ցանկության դեպքում կարող ենք այն վերցել' դրանով ազատություն պարգեւելով նույնիսկ նրանց ովքեր իրենց դեռ բանտարկված են զգում: