ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածին, փաստենք հետևյալը.

1. Կտրականապես համաձայն չեմ հեղինակի այն պնդման հետ, թե «կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը»։ Փաստերը խոսում են ճիշտ հակառակի մասին։

ա. 2018-ից հետո արտաքին քաղաքականության և Արցախյան բանակցային գործընթացի տոտալ ձախողումը ամբողջությամբ Փաշինյանի խղճին է։

բ. Էժան պոպուլիզմով, կործանարար կադրային քաղաքականությամբ և համակարգային վարկաբեկմամբ բանակի կազմաքանդումը ամբողջությամբ Փաշինյանի խղճին է։

գ. 44-օրյա պատերազմի ընթացքում ձախողված պետական կառավարումը, տապալված մոբիլիզացիան, ողորմելի արտաքին քաղաքականությունը և այս ամենի հետևանք՝ ցավոտ պարտությունն ամբողջությամբ Փաշինյանի խղճին է։

դ. Ի վերջո նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խայտառակ տեքստը անձամբ Նիկոլի քաղաքական և պատմական պատասխանատվությամբ կապիտուլյացիան էր։

2. Երբ հեղինակն առաջարկում է «Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից», անհասկանալի է, թե ինչի՞ շուրջ բանակցել Նիկոլի հետ։ Արցախը հակառակորդին զիջելո՞ւ։ Հայրենիքը մաս-մաս տալո՞ւ։ Պետության ինքնիշխանությունը զրոյացնելո՞ւ։

3. Համամիտ չեմ հեղինակի նաև հետևյալ մտքի հետ, թե ով էլ լինի՝ «հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»։ Պարոն նախագահ, ֆատալիզմի այս դրևորումը ոչ տեղին է, ոչ էլ արդարացված։ Դուք պիտի որ լավ իմանաք, թե ինչպես է Փաշինյանը ճկվել գեոպոլիտիկ շպագատի վրա, թե ինչպես է հետևողականորեն հանձնում Հայաստանի մնացած բանակցային դիրքերը։

Վերջիվերջո, Լևոն Տեր-Պետրոսյանը, հանդիսանալով փորձառու և հմուտ դիվանագիտական և քաղաքական գործիչ, չի կարող չհասկանալ, որ պարտվածի բանակցածը մի բան է, չպարտվածի բանակցածը՝ մեկ այլ։ Հակառակորդի կողմից ծաղրանքի ենթարկվածի հոգեբանությունը մի բան է, արժանապատիվ բանակցողինը՝ մեկ այլ։

Հետգրության փոխարեն։ Պարոն նախագահ, հիմա Փաշինյանը «ազգակործան պատուհա՞ս» է, թե՞ ոչ»։