Երբեք չեմ հասկացել էն մարդկանց, ովքեր բամբասում են արցախցիներից: Մեկն ասում ա՝ արցախցի հաց ծախողը մուննաթ եկավ վրես, մյուսը դժգոհում ա, որ ինքը գոռոզ արցախցու ա հանդիպել ով չի գնահատել իր օգնությունը և այլն, և այլն:
Ժողովուրդ ջան, չեք պատկերացնի, բայց Արցախում ոչ թե այլմոլորակայիններ, այլ սովորական մարդիկ են ապրում՝ իրենց առօրյա հոգսերով ու խնդիրներով: Այնպիսի մարդիկ, ինչպիսիք ապրում են Լոռիում, Գյումրիում ու Երևանում: Հա, մուննաթ էլ կգան, կռիվ էլ կանեն, կհյուրասիրեն ու չեն թողնի առանց մի բաժակ խմելու գնաս իրենց տնից:
Ես ասեմ ավելին՝ հնարավոր ա տուն ու տեղ կորցրած նիկոլական արցախցի էլ լինի: Չզարմանաք, եթե հանդիպեք: Կան: Ամոթ բան ա, բայց կան:
Չգիտես, թե էդ դժգոհող մարդիկ ինչ են ակնկալում տեսնել Արցախում, որ չեն տեսնում ու դժգոհ են մնում: Հայաստանի մյուս մարզերի բնակիչների առջև ամեն քայլափոխի խոնարհվող արցախցու հաստատ չեք տեսնելու, մոռացեք դա:
Շատերն էլ ասում են, որ մեր էրեխեքը իրանց սահմանն են պահում, իսկ իրանցից ոմանք մեզ չորում են: Կարծում եմ էսօր վարդենիսցին ու սյունեցին կփաստեն, որ մեր էրեխեքը ոչ թե արցախցու, այլ հայի սահմանն էին պահում, ու հիմա չեն պահում, դրա համար էլ թուրքը Արավուս, Վերին Շորժա ու Կապան ա հասել:
Դուք ինձ ինչքան վատ արցախցու օրինակ բերեք, ես մենակ մեր շենքի կտրվածքով նույնատիպ մարդու օրինակ կբերեմ: Էլ մնացած մարզերն ու քաղաքները չասած:
Հա, չնայած մի բանով արցախցիները տարբերվում են մնացած հայերից. իրենք ամեն վայրկյան սեփական տունը կորցնելու վտանգի տակ են: Մեզնից տարբերվում են նրանով, որ իրենք առավոտ կարան զարթնեն քաղաքի հրետակոծության ձայներից, մենք՝ չէ: Եթե մենք 5% ենք պատկերացնում պատերազմն ու գրադի համազարկի ձայնը, արցախցիները ոտքից գլուխ են պատերազմի մեջ: Խոսքս սովորական ու հասարակ արցախցու մասին ա, ոչ թե առաջին կրակոցից թռնող պաշտոնյաների: Դրանք բոլոր տեղերում գրեթե նույնն են:
Ասածս էն ա, որ դադարեք տարբերություն դնելուց ու սեպ խրելուց: Դա արդեն մի անգամ մեզ հայրենիք արժեցավ, գոնե հիմա խելքի եկեք: