Հայրենիքը սիրելու համար դեռ ոչ ոքի չեն վճարել, փող չեն տվել դրա դիմաց։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Տանզանիան, թուրքիան իրենց քաղաքացու բերնից չեն կտրելու, քեզ փող տան, որ դու՝ հայդ, սիրես քո երկիրը, քո հայրենիքը։ Իրենք այդ փողը իրենց հարկատուի բերնից կկտրեն, կտան մարդկանց, ովքեր կապրեն մեր կողքին, ծնված, մեծացած կլինեն այստեղ, ազգությամբ կլինեն հայ, բայց կծառայեն գերմանացուն, ռուսին, ամերիկացուն, թուրքին ու տանզանացուն։
Հայրենիքն էլ ծնողի պես է. ունի և՛ թերություններ, և՛ առավելություններ։ Դու կամ նրան ընդունում ես այնպիսին, ինչպիսին որ կա, կամ սկսում ես թվարկել նրա թերությունները, վատ կողմերը, մոռանալով լավի մասին։ Մոռանալով, որ սա միակ վայրն է, որտեղ քո լեզուն երկար է, որտեղ դու եկվոր չես ու քեզ օտարի աչքով չեն նայում։ Նա լուռ լսելու է քո ապերախտության դրսևորումները և լռելու է, որովհետև ի վիճակի չէ պատասխան տալ, այդքան ուժ չունի պայքարելու իր իսկ ստեղծածի դեմ և չի էլ ուզում։
Հաճախ դու մի քիչ տաքարյուն ես լինում, մի քիչ ջղայնանում ես հայրենիքիդ վրա ու միանգամից կողքդ հայտնվում են այն անձնագրով հայերը, որոնց վրա ներդրում էր արել մեկ ուրիշի հայրենիքը, որպեսզի պետք եղած ժամանակ քո պես տաքարյուններին օգտագործի՝ իր հարկատուների շահերն իր հարկատուից հազարավոր կիլոմետրեր հեռու ապահովելու համար։
Ֆրանսիացու հայրենիքն էլ ունի թերություններ, ռուսինն էլ, ամերիկացունն էլ, թուրքինն էլ։ Որոշների մասին մենք գիտենք, որոշների՝ ոչ։ Գիտենք, որ օրինակ Ռուսաստանը խնդիրներ ունի կոռուպցիայի հետ, մարդու իրավունքների, ընտանեկան բռնություն։ Գիտենք, որովհետև ԱՄՆ-ն իր հարկատուի բերնից կտրում, տալիս է ազգությամբ ռուս մեկին, ով էլ դնում ու վեր է հանում իր հայրենիքի միայն բացասական գծերը։ Ձեզ թվում է ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ Գերմանիան մարդու իրավունքների, ընտանեկան բռնության ու կոռուպցիայի հետ խնդիրներ չունե՞ն։ Ինչքան ուզեք։ Բայց մենք գիտե՞նք դրա մասին։ Ոչ, որովհետև դեռ չկա մեկը, ով ամերիկացուց կամ եվրոպացուց ավելի շատ փող հատկացնի այլ պետությունների թերությունները վեր հանելու վրա։
Հայրենիքի թերությունները վեր հանելու համար հատկացվող գումարը այդ երկիր է մտնում տարբեր ֆոնդերի ու հիմնադրամների տեսքով։ Մեր պես երկրներում, որտեղ փողի պակաս կա, հեշտությամբ կուլ են տալիս այդ խայծը, մտածելով, որ իրենք ամեն ինչ վերահսկում են։ Սխալվում են։ Նրանք ոչինչ է չեն վերահսկում, ի վիճակի էլ չեն, որովհետև փող տվողները նրանցից հազար գլուխ խելացի են։ Ու այդպես այդ ֆոնդերը կամաց-կամաց կատարում են իրենց աշխատանքը։ Գտնում են այդ հայրենիքի քաղաքացիների, ովքեր փողի դիմաց կվաճառեն անգամ սեփական մորը, հայրենիքն ի՞նչ ա, որ չվաճառեն։ Տալիս են նրանց փող, շա՜տ փող, և քո հայրենիքի բոլոր թերությունները կամաց-կամաց ջրի երես են դուրս գալիս, կուտակվում տաքարյուն ու մի քիչ անգրագետ բնակչության շրջանում և երբ հասունանում է պահը, փող տվողները սեղմում են կոճակն ու... ամեն ինչ դասավորվում է այնպես, ինչպես իրենց է պետք։
Հայրենիքը մեր ծնողն է, ինքն է մեզ պահել ու մեծացրել, իր մոտ ենք մենք ծնվել։ Ու, երբ դու 2 կոպեկի դիմաց վաճառում ես քո ծնողին, վաճառում ես մեկին, ով քո կարիքն ունի խոր ծերության պահին, դու վաճառում ես քո հոգին, քո խիղճը, քո չեղած բարոյականությունը։ Ծնողին ու հայրենիքին սպանողն ու վաճառողը կշարունակի իր կյանքը, բայց միշտ և ամենուր բոլորը կիմանան, թե ով է նա ու ինչ է արել։ Ու ես վստահ եմ՝ պատմության և ոչ մի գրքում նրանց մասին չի հիշատակվելու, անկախ նրանից, թե որքան հարուստ կլինեն նրանք այդ գործարքից հետո։ Որովհետև, որքան էլ անբարոյական է աշխարհն այսօր, միևնույնն է, բնության գրված և չգրված օրենքներով ծնողի ու հայրենիքի դավաճանությունը երբևէ չի ներվում ու չի ողջունվում։ Ու այս օրենքը մնալու է այնքան, քանի դեռ կան պետություններ, դրանց ղեկավարներ, ովքեր փորձում են իրենց հայրենիքի համար լավ բան անել։ Դա նշանակում է, որ նրանք սիրում են իրենց երկիրը, փորձելու են այլ երկրներում գտնել մարդկանց, ովքեր պատրաստ են վաճառել իրենցը։ Նրանք գնելու են այդ մարդկանց ու երբեք ոչ հարգելու են, ոչ էլ սիրելու։ Այո, գովելու են, հետները նկարվելու, շատ փող են տալու, բայց հետևներից միշտ պիտակավորելու են որպես ծախու շներ։
Հայրենիքը սիրելու համար դեռ ոչ ոքի չեն վճարել։ Սիրեք ձեր հայրենիքն անշահախնդրորեն, ինչպես որ ձեր ծնողին եք սիրում։ Դուք դրանից միևնույնն է չեք շահելու ֆինանսապես, բայց փոխարենը վստահ կլինեք, որ դուք աշխարհի ամենավերջին անբարոյականը չեք։