Աժ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չփորձես ուժ կիրառել ժողովրդի վրա

Նիկո՛լ, կա՛նգ առ։

Դու նոյեմբերի 10-ից այլեւս իշխանություն չես։ Դու պարտված ես ու դու պարտության խորհրդանիշն ես։
Հեռացի՛ր խաղաղ։ Առանց բախումների։ Չփորձե՛ս երկրում քաղաքացիական բախումներ հրահրել։

Քո թափած հազարավոր պայծառ տղաների արյունը բավարար է։
Չփորձե՛ս արյան քո մղումը հագուրդ տալ հային հայի դեմ հանելով։

Թափող էիր՝ թուրքի արյունը թափեիր։
Հայի արյուն դու չես թափելու:
Մենք դա քեզ թույլ չենք տալու:

Դիմում եմ Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներին. բռնե՛ք Նիկոլ Փաշինյանի ձեռքը:

Թույլ չտա՛ք այդ մարդուն հիմա էլ երկրում հրահրի քաղաքացիական պատերազմ: Նիկոլը պիտի հեռանա և պիտի կանգնի արդարադատության առջև: Դրան այլընտրանք չկա:

Դիմում եմ բանակին. թույլ չտա՛ք, որ Նիկոլն իր ընտանիքի իշխանությունը պահելու համար ձեզ ներքաշի քաղաքացիական բախումների մեջ: Բանակը մշտապես եղել է ժողովրդի կողքին և պիտի լինի ժողովրդի կողքին:

Այս պատերազմում չի պարտվել Հայոց բանակը, այս պատերազմում պարտվել է մեկ անձ և այդ մեկ անձի անունը Նիկոլ Փաշինյան է:
Սիրելի՛ հայրենակիցներ, չտրվե՛ք իր իշխանությունն ամեն գնով պահելու Նիկոլ Փաշինյանի սադրանքներին: Մենք հայրենիք ենք կորցնում: Նիկոլ Փաշինյանը ծանր և դաժան ոսկոր է հայկական

պետականության կոկորդին:

Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա և Նիկոլ Փաշինյանը հեռանալու է:

Իմ խորին հարգանքը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբին՝ ժողովրդի կողքին կանգնելու համար: Վստահ եմ, որ իշխանության բոլոր ինստիտուտները կանգնելու են ժողովրդի կողքին և նոյեմբերի 10-ին քաղաքական ինքնասպանություն գործած անհատը ստիպված է լինելու անցնցում հեռանալ և կանգնել արդարադատության առջև»: