«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տալով իր գրառմանը «Հայաստանի կորստի հավանականությունը և քաղաքական տեխնոլոգիաները» վերնագիրը: 

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Երբ սեպտեմբերի 27–ին լուր ստացվեց, որ ադրբեջանաթուրքական զույգը սկսել է պատերազմ ու մի քանի դիրք վերցրել, շատերը հանգիստ էին։ Նույնիսկ Ստեփանակերտն էր հանգիստ։ Չէ՞ որ Արցախի հարավը շա՜տ հեռու էր թվում։ Դե իսկ երևանցին մտածում էր, որ «Հաղթելու ենք» կարգախոսը եթե «հեշթեգ» սարքի ու «լայքի» Արծրունի ասածները, ապա վե՛րջ, կմտնենք Բաքու, կամ առնվազն՝ Գետաշեն։

Երբ Արցախի հարավն ընկավ ու թուրքը մոտեցավ Հադրութին, Ստեփանակերտն իրար խառնվեց, իսկ Սյունիքում ամեն ինչ հեռու էր թվում։ Էլ չասած Երևանի մասին։ Երևանում ստի քարոզչությունը հասել էր գագաթնակետին՝ զգետնում էինք ու զգետնում։
Երբ Շուշին ընկավ, ու մենք Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ և «Հաղթելու ենք» կարգախոսը լայքելով կապիտուլացվեցինք, Սյունիքը մի փոքր ցնցվեց նոյեմբերի 9–ի համաձայնագիրը կարդալով։ Երևանում միայն մի խումբ մարդիկ շատ լավ գիտեին, թե ինչ է սպասվում։ Մնացածների համար Սյունիքը և առավելևս Արցախը շա՜տ հեռու էին թվում։
Երբ ադրբեջանական զինվորները հայտնվեցին Գորիս–Կապան ճանապարհահատվածի վրա, մտան մեր գյուղացիների տարածքները և նստեցին Կապանի գլխին, սյունեցիները ոտքի կանգնեցին, Նիկոլը սկսեց պաշտպանել ադրբեջանցիների իրավունքները, իսկ Երևանում ոմանք դեռ քննարկում են, թե ինչպիսին պետք է լինի հարթակը, ինչպիսի տեխնոլոգիաներ պետք է կիրառեն Նիկոլի հրաժարականի պահանջով ցրտին, անձրևին ու ձնին փողոց դուրս եկած մարդիկ։
Ես կիսում եմ շատերի դիտողությունները, գնահատականները հարթակի կազմի և պայքարի մարտավարության վերաբերյալ։ Ինքս էլ շատ բան այլ կերպ կանեի, բայց պետք է գլխավորը տարբերել երկրորդականից։
Հետո այնպես չլինի, որ քննարկենք, թե թուրքը մտել է մայրաքաղաքի Շենգավիթ համայնք, բայց ոչինչ, «զատո» Երևանի կենտրոնը, Արաբկիրը և մասիվները դեռ մեր տիրապետության տակ են․․․»: