ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի շուրջ սեղմվում է թյուրքական օղակը։
     Մեր հարավային դարպասի գլխին անարգել կախվում է ոչ միայն թուրք-ադրբեջանական ռազմական բռունցքը, այլև Սյունիքը ենթակառուցվածքներով խեղդելու և Հայաստանից պոկելու վտանգը, ինչի համար նպաստավոր հիմքեր են ստեղծված կապիտուլյացիոն հայտարարության 9-րդ կետով։
     Վաղն, օրինակ, նախատեսվում է Թուրքիայի և Ադրբեջանի էնեգետիկայի նախարարությունների միջև Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման մասին հուշագրի ստորագրումը։
     Նախիջևանն այս պահին գազն ստանում է Իրանից և գազամատակարարման խնդիր չունի։ Նախատեսվող նոր գացամուղն ունենալու է 160 կմ երկարություն՝ 500 միլիոն խորանարդ մետր գազի հայտագրված հզորությամբ։
     Նախիջևանի առկա բնակչությունն ու տնտեսությունը այդքան մեծ ծավալի կապույտ վառելիքի նոր կարիք չունի և դրա սոցիալ-տնտեսական հիմնավորումներն ընդամենը ծխաշղարշ են։
     Ակնհայտ է, որ տվյալ ծրագիրն ունի այլ տեսանելի նպատակ՝ Սյունիքով ենթադրվող նոր կոմունիկացիոն, արդեն «թյուրքական դարպաս» ստացած միջանցքով Ադրբեջանի գազատար համակարգին միանալն է։
     Իդեպ, նման ծրագրի փափագ Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց են ունեցել, հարցն ավելի առարկայական քննարկվել է, ուշադիր, այս տարի փետրվարի 25-ին Էրդողանի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում։
     Եթե սրան գումարենք նաև Կարս-Նախիջևան նախագծվող երկաթգիծը, ապա ակնհայտ է, որ Հայաստանն օր առաջ պետք է նոր բանակցողով հանդես գա, որպեսզի հնարավորինս չեզոքացնի նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ փաստաթղթի նաև 9-րդ կետը»։