ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կոչ անելով մասնակցել ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքին:

«Խնդրանք-կոչս ուղղում եմ ինձ համար թանկ ու հարգելի մարդանց. ընկեր, մտերիմ, գործընկեր, ծանոթ, թե անծանոթ։

Երբեք, ոչ մեկին կոչ չեմ արել, մասնակցել որևէ տիպի հանրային միջոցառման, այս մեկը բացառություն է։ Շաբաթ օրվա (դեկտեմբերի 5; ժամը 15։00) հանրահավաքը յուրաքանչյուրիդ կողմից ներկայի ու ապագայի փոքրիկ ներդրում է։

Գալով հանրահավաքի և ոգի տալով Հայրերենիքի փրկության շարժմանը՝ մեզանից յուրաքանչյուրն իր ոտնահարված արժանապատվությունը փրկելու, իր ՀԱՅ լինելու, իր սեփական ԵՍ-ը առաջնորդելու խնդիր է լուծելու։

Մենք չենք կարող շրջանցել կամ անտեսել վերահաս ողբերգությունը։

Մենք իրավունք չունենք հաշտվել այս ստորացված, կողոպտված ու անապագա իրավիճակի հետ։

Մենք չպետք է մտածենք մեր պապերի, հայրերի ու որդիների պահած Հայրենիքից արտագաղթելու մասին։

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 9-ը, մեր ժողովուրդը մեկ մարդու պես ինքնակազմակերպվեց, բռունցքվեց ու ոտքի ելավ բազմապատկված թշնամու դեմ։

Մեր բանակը չի պարտվել՝ կռվել ու զոհվել է, մարտնչել մինչև վերջին հնարավորը։ Մեր ժողովուրդը չի գնացել պարտության, այլ համոզմունք է ունեցել, որ Հաղթելու է։

Սակայն պարզվեց, որ մեր ոսոխը նաև տնից է, դավադիր, ձախողած ու խափեբա Նիկոլի գլխավարությամբ։

Այս պարտության ու համազգային ողբերգության, պատերազմական քաոսի ու անկազմակերպ նահանջի, անտերության ու անորոշության, վտանգված Հայաստանի ու բզկտված Արցախի միակ հեղինակն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլն է։ Այն նույն Նիկոլը, որին վստահվել էր բոլորիս ճակատագրերը։

Այլևս դասեր քաղելու ժամանակն է։ Այլևս գործելու ժամանակն է։

Այլևս սխալներն ուղղելու ժամանակն է։

Արյունով պահած Հայրենիք հանձնողը, մեր եղբայրների արյունը վաճառողը պետություն ղեկավարելու բարոյական իրավունք չունի։

Հազարամյա Հայկյան սերունդը չի կարող կործանվել սորոսի վաստակների ձեռքերով։

Հայրենիքի փրկության շարժումը պետք է վերջ դնի Նիկոլի ապազգային առևտրին և պատասխան պահանջի այս աղետին հասցնելու համար։

Ուրեմն հանդիպման վայրը՝ ԱԶԱՏՈւԹՅԱՆ հրապարակ»,- գրել է Արտակ Զաքարյանը և կից լուսանկար հրապարակել: