Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցազրույցներից մեկում մի առիթով ասել եմ. «Ինչո՞ւ կավագործությունը, լրագրությունը, մանկավարժությունը, աստղագիտությունը, բրուտագործությունը պետք է սովորել, որ կարողանալ այդ բնագավառների վերաբերյալ կարծիք հայտնել, իսկ, օրինակ, միջազգայնագետի, քաղաքագետի, դիվանագետի մասնագիտություններն այնքան հեշտ են, որ սովորելու կարիք չկա, և հարյուր հազարավոր քաղաքացիներ մեր երկրում (եթե ոչ միլիոնավոր) համարում են իրենց այդ հարցերում առավել կոմպետենտ, քան՝ այդ մասնագիտության կրողները»։
     Այսօր նաև ռազմական գործն է, փաստորեն, շատ տարածված և բոլորի կողմից հասկանալի։
     Հարգելինե՛րս, դիվանագիտությունը/միջազգային հարաբերությունները բակի զրույց չէ. ամեն մի բառ, ամեն մի նախադասություն (ինչպես նաև, թե ում շուրթերով է ասվում) հատուկ է ընտրվում, այդ մակարդակում հանպատրաստից շատ քչերն են ելույթներ ունենում, քանի որ հասկանում են օգտագործված բառապաշարի հետևանքներն իրենց պետությունների համար։ Եկեք կենտրոնանանք ամեն մեկս մեր հասկացած գործին, իսկ այն ինչ հետաքրքիր է, բայց չգիտեք, հարցրեք կամ կարդացեք, ոչ թե կարծիք հայտնեք, այն էլ՝ ծանրակշիռ կարծիք:
     Գոնե հիմա դրա ժամանակը չէ հաստատ։ Բացի այդ, ում կարծիքը որ հաշվի է առնվում և՛ նա գիտի, ինչպես հասցնի այն հասցեատիրոջը, և՛ հասցեատերը գիտի՝ ումից կարծիք հարցնի»: