Քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի տեղ աչքովս ընկավ 2016-ի ապրիլյան պատերազմն ու էսօրվա Տավուշի դեպքերն իրար հետ համեմատելու, իրար հակադրելու փորձեր, միտումներ, այսպես ասենք՝ իշխանամետ դիրքերից: Իբր դե էն ժամանակ ինչքան վատ էր, այսօր ինչքան ավելի լավ: Չէի ասի, թե համակարգված գիծ կա, բայց միտում, կարծես, նշմարվում է:

Ասեմ, որ բացարձակապես անընդունելի եմ համարում նման հակադրություններն առնվազն այսօր և մոտակա դեռ ահագին երկար ժամանակում:

Պատերազմի թեման՝ ներքաղաքական, միջկուսակցական մրցակցության դաշտ չէ, ոչ էլ նախկին-ներկա կռվացնելու դաշտ:

Պատերազմը վարում է պետությունը, ոչ թե այս կամ այն կառավարությունը կամ քաղաքական ուժը:

Միևնույն՝ Հայաստանի Հանրապետությունն է վարել 2016-ի պատերազմը, այսօրվա ռազմական գործողությունները, 1991-94-ի Ղարաբաղյան պատերազմը և այլն:

Միևնույն պետությունը, ոչ թե տարբեր պետություններ: Հաջողություններն էլ, ձախողումներն էլ պետությանն են, այլ ոչ թե քաղաքական ուժերինը:

Ի դեպ, 16-ի պատերազմը մենք հաղթել ենք: Դա միանշանակ է, քանի որ չեն իրացվել այն քաղաքական նպատակները, որոնք դրվել են այդ ռազմական գործողության առաջ դա սանձազերծող ուժերի կողմից:

Հաղթում ենք նաև այսօր:

Բայց հարցն այստեղ դա չէ նույնիսկ, այլ այն, որ «պատերազմներ» «կռվցնելը» նշանակում է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության ինքնությունը, ինքնիշխանությունը, բաժանել այն տարբեր պետությունների՝ ըստ օրվա կառավարող ուժի: Մինչդեռ կա միայն մեկ Հայաստանի Հանրապետություն:

Ի դեպ, 2016-ի պատերազմն ու այսօրվա դեպքերը, բացի ամենից նաև իրարից կտրված ինչ-որ դեպքեր չեն, այլ մեկ միասնական ռազմաքաղաքական գործընթացի մաս, մեկը մյուսի շարունակություն: Նաև այդ իմաստով դրանց հակադրումը բացարձակ սխալ է:

Հ. Գ. Նաև այստեղ է նորից տեղին հիշել, որ մի կողմից նախկինի հանդեպ՝ «պետության զավթում», իսկ մյուս կողմից ներկայի նկատմամբ «օկուպացիոն ռեժիմ» եզրաբանությունը ներքին հայկական ծագում չունեն ու չեն կարող ունենալ, և ուղղված են Հայաստանի Հանրապետության միասնականության, ինքնության դեմ»: