Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․
«Ժողովուրդ ջան բարև Ձեզ։
Այսօր որոշեցի Ձեզ ցույց տալ, թե ինչ տեսք ունի այն փողոցը, որտեղ ես ապրում եմ։ Փողոցը շատից քչից կոպճապատված է, տարեկան առնվազն մեկ անգամ հարթեցման աշխատանք է կատարվում, ինչի արդյունքում գոնե մեկ ամիս տանելի է դառնում նրանով երթևեկելը։ Եթե բախտներս բերում է, և համայնքի բյուջեն թույլ է տալիս, ապա երկու անգամ են դարուփոսերը հարթեցվում։ Դե իսկ անձրևոտ եղանակին ջրափոսերի պակասություն չենք ունենում։
Ինչու՞ եմ այս մասին Ձեզ հետ կիսվում։
Ժամանակ առ ժամանակ մեր մարզի տարբեր համայնքներից բողոքներ են գալիս, հաճախ նաև բողոքին կցված ֆոտո և վիդեո ֆայլեր, որում քաղաքացիները արդարացիորեն բարձրացնում են իրենց անբարեկարգ փողոցների և դրանց շուտափույթ ասֆալտապատման խնդիրը։ Հավատացե՛ք, ձեզնից ոչ պակաս ես եմ ուզում, որ օր առաջ այդ բոլոր ճանապարհներն ու փողոցները գերազանց տեսքի բերվեն։ Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի նախկինից ժառանգած այս խայտառակությունը բոլորիս համար դառնա այլևս վատ հիշողություն։ Այդ ուղղությամբ գործի են դրված տարբեր ծրագրեր` միջպետական, հանրապետական, մարզային և կենսական նշանակության այլ ճանապարհների որակյալ շինարարության համար։
Ինչպես գիտեք, այս տարի կառուցվելու է շուրջ 500 կմ ճանապարհ, չհաշված համայնքների կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերը, ինչն իր ծավալով վերջին տարիների ճանապարհաշինության ամենախոշոր ծրագիրն է։ Այս ուղղությամբ արդեն բավարար աշխատանք է կատարվել. կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոշների մրցույթներն արդեն կայացել են, մյուսները սպասում են իրենց հերթին։
Սիրելի՛ հայրենակիցներ, եկեք զինվենք համբերությամբ և սպասենք մեր գյուղի/քաղաքի ճանապարհների ու փողոցների ասֆալտապատմանը, ինչը սարերի ետևում չէ։ Լիահույս եմ, և այդ ուղղությամբ բոլոր ջանքերը ներդրված են, որ տարեց տարի մենք կունենանք ավելի բարեկարգ և միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ճանապարհներ։
Առողջություն եմ մաղթում բոլորիդ և հորդորում` խնայել Ձեր նյարդերը։ Պինդ եղեք...
Ձեր` Գարիկ »