ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ «Հարգելի՛ պարոն Հարությունյան, շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև Ազգային ժողովում Ձեր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ամենամեծ թվով խմբակցությունը ձևավորելու կապակցությամբ: Դուք Ձեր պաշտոնը ստանձնելու եք բավական բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհը պատուհասած համավարակի հետևանքները փոխում են այդ նույն աշխարհի մասին բոլոր պատկերացումերը և կառավարման բացարձակապես նոր որակներ ու մոտեցումներ պահանջում ճգնաժամային իրավիճակում: Հուսով եմ, պետական կառավարման Ձեր փորձը և կուտակած գիտելիքները կօգնեն Ձեզ ճիշտ լուծումներ գտնելու բոլոր ոլորտներում անխուսափելի մարտահրավերներին առերեսվելիս:Չնայած համապետական ընտրությունները տեղի ունեցան Արցախի քաղաքացիների համար ոչ սովորական' առողջության համար մեծագույն ռիսկեր պարունակող պայմաններում, սակայն ուզում եմ վերահաստատել լավատեսությունս և հուսալ, որ իշխանություններն այդ ռիսկերը լիովին գիտակցելով՝ ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, և հետընտրական Արցախում այս տեսանկյունից լուրջ խնդիր չենք ունենա՝ Արցախը կսահմանափակվի արձանագրված վտանգավոր վիրուսով վարակվածության մի քանի դեպքով, իսկ վիրուսի հետևանքով առողջությունը վնասած քաղաքացիներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Ինչպիսին էլ լինեին մեր նախապատվությունները և պատկերացումները Արցախի Հանրապետության նախագահի մասին, ընտրությունները կայացել են, Արցախի քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ քվեարկության նախնական արդյունքներով ընտրված նախագահը Դուք եք, և առաջին հերթին Ձեր ուսերին է մեր հայրենիքի մի շատ թանկ հատվածի պաշտպանության, անվտանգության և բարեկեցության ապահովման մեծագույն պատասխանատվությունը: Կրեք այն պատվով և արժանապատվությամբ, ինչպես վայել է արցախցուն, ինչպիսին Արցախի ամբողջ պատմությունն է' մաքառումներով լի, բայց նաև հաղթական:Շարունակեք այդ հերոսական հողի վրա հասարակական համերաշխության և համախմբվածության մթնոլորտում կառուցել հզոր, բարեկեցիկ, ազգային պետություն' հիմնված համամարդկային և քրիստոնեական բարձր արժեքների վրա՝ որպես ազատատենչ և ստեղծարար մեր ժողովրդի ձգտումների առհավատչյա:Արցախի անկախությունը վեր է ամեն ինչից: Այն առավել է, քան մեր ընտանիքը, քան մեր կյանքը՝ մեր մարտական ընկերների անցած հերոսական ճանապարհն ու նահատակված ընկերների հիշատակը վկա:Արցախը այլևս երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. անցյալին վերադարձ չկա: Սա ցանկացած արցախցու ամուր համոզմունքն է, և Դուք՝ որպես նախագահ, դրա կրողն եք:Պարո՛ն նախագահ,Ողջունում եմ Ձեր պատրաստակամությունը' հանուն Արցախի և մեր համազգային նպատակների համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի և անհատների հետ, ում ջանքերը ևս ուղղված են այդ նպատակներին:Ոչ ոք իրավունք չունի թուլացնել Արցախը և վնասել նրա միջազգային հեղինակությունը:Մաղթում եմ Ձեզ հաջողություն Արցախի նախագահի պատվավոր և պատասխանատու առաքելության մեջ: Ի դեմս Ձեզ՝ Արցախի ժողովրդին մաղթում եմ ամուր հավատ ապագայի հանդեպ, տոկունություն' հանուն այդ ապագայի հաղթահարելու բոլոր դժվարությունները, բարեկեցություն և հարատև խաղաղություն:Աստված պահապան Արցախին և մեր ողջ ժողովրդին»: