Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2-րդ նախագահի հարցազրույցը ևս մեկ անգամ փաստում է նրա՝ քաղաքական գործընթացների լուսանցքում հայտնվելու անխուսափելիությունը:

 

Հայաստանում քոչարյանական տեսակի վերարտադրման վտանգավորության ամենակարևոր ցուցանիշն է դասական բյուրոկրատական անսխալականության գաղափարը' «գույք պարտքի դիմաց» ծրագիրը գովելը, նախկին ռեժիմի հետ համեմատվելն ու քաղաքական գնահատական չտալը ճիշտ համարելը, և այլ մտքեր խոսում են դասական բյուրոկրատական համակարգի ներկայացուցչի ամենասարսափելի վախի՝ սեփական սխալը խոստովանելու անկարողության մասին:

 

Խուճապահար տրամադրության մասին է խոսում տնտեսական հաջողությունները անցյալում չխորանալու հետ կապելու գաղափարը: Սա, հավանաբար, հաղորդագրություն էր իշխանությանը՝ տնտեսական տիրույթում աջակցություն ցույց տալու պատրաստակամության մասին (հասկանալի է՝ այլ ոլորտում աջակցության դիմաց):

 

Միաժամանակ, Արցախի վերաբերյալ ամբողջ հարցազրույցի մեխը Արցախում իրեն հարազատ տիպի իշխանության պահպանման կոչն էր: Սա ևս տեղավորվում է վերջին ամրոցը չկորցնելու տրամաբանության մեջ:

 

Եվ վերջում՝ ուղղակի ծիծաղ առաջացնող մեջբերում. «Ես թույլ չէի տա Հայաստանի 1-ին նախագահին խառնվել Արցախի ներքին գործերին»: