Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեսյբուքյան էջում ուշագրավ գրառում էր կատարել, հայտարարելով, որ ՌԴ դեսպանն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում: Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ էլ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Կոպիրկինի և Քոչարյանի հանդիպումը կայացել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող Քոչարյանի գրասենյակում: Երեկ ավելի վաղ, ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ դեսպանը չի խախտել ընթացակարգը, եւ ԱԳՆ-ն չի կարող դժգոհություն հայտնել այդ կապակցությամբ:
Եթե հարցը դիտարկենք դիվանագիտական նորմերի համատեքստում, ապա դեսպանի հանդիպումը հայաստանյան քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի հետ՝ չի կարող դիտարկվել իբրև միջամտություն ՀՀ ներքին գործերին, հատկապես, եթե այդ հանդիպումների ընթացքում չեն հնչում գործողություններ, կոնկրետ քայլեր կատարելու կոչեր: Մյուս կողմից, եթե իշխանություններն այդքան մտահոգված են ՀՀ ինքնիշխանության սահմանների անձեռնմխելիությամբ՝ ինչը, անշուշտ, ինքնին գովելի երևույթ է, ապա ինչու ԱԳՆ չեն կանչվում, օրինակ, ԱՄՆ դեսպանը, Լեհաստանի դեսպանը, Լիտվայի կամ Իտալիայի դեսպանները, ովքեր վերջին ամիսների ընթացքում բուռն հանդիպումներ են ունենում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակում:
Այս պարագայում ակնհայտ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները մտահոգված են ոչ այնքան մեր երկրի ինքնիշխանության հանդեպ տարատեսակ ոնտձգություններից, որքան հենց Կոպիրկին-Քոչարյան հանդիպման փաստից՝ հաշվի առնելով նաև այն աջակցությունը, որը երկրորդ նախագահը վայելում է ՌԴ քաղաքական շրջանակներում:
Ուշագրավ է, որ իշխանական կուլուարներում նման արձագանք չստացան ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում հնչեցրած հայտարարությունները: Հիշեցնենք` Բոլթոնը պահանջել էր, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային հարաբերություններում «պատմական կաղապարներից» (չէր թաքցվում, որ խոսքը ՌԴ-ի հետ ավանդական բարեկամության մասին է): Նա նաև հայտարարել էր, որ ակնկալում է, որ Փաշինյանը ընտրություններից հետո նախաձեռնող քայլերի կդիմի ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար: Բնականաբար, չէր մոռացել նաև գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն: Ինչո՞ւ այս հանգամանքը չի դիտվել ինքնիշխանության խանդոտ ջատագովների կողմից իբրև միջամտություն ՀՀ ներքին գործերին:
Ստացվում է` այն, ինչ կարելի է Բոլթոնին, չի կարելի Կոպիրկինին: Պետական շահերի պաշտպանությունը յուրաքանչյուր իշխանության անմիջական պարտականությունն է, սակայն արդյո՞ք այդ գործընթացում պետք է կիրառել այսչափ աչքի զարնվող երկակի ստանդարտներ…