ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Չավուշօղլուի անհեթեթ առաջարկը, ադրբեջանցիների կողմից հայ զինվորի սպանությունն ու Փաշինյանի դավադիրները...

Թուրքիան շարունակում է ժխտողականության լկտի քաղաքականությունը:
Արտգործնախարար Չավուշօղլուն առաջարկում է ինչ-որ աշխատանքային խումբ ստեղծել Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:

Պարոնը թող իմանա, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան ճանաչել և դատապարտել են հայոց ցեղասպանությունը:
Նախագահներ Պուտինն ու Օլանդը մասնակցել են 100-րդ տարելիցի միջոցառումներին Ծիծեռնակաբերդում, իսկ ԱՄՆ-ի նահանգներից գրեթե բոլորը ճանաչել ու դատապարտել են այն:

Առաջարկում եմ՝ Չավուշօղլուն մեկ անգամ այցելի Երևան՝ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան ու կարծում եմ՝ այլևս նման անհեթեթ հայտարարություններ չի անի:

Հ.Գ.
Նախօրեին Արցախում հայ զինվոր է սպանվել ադրբեջանցիների դավադիր կրակոցից: Խոնարհումս նահատակ զինվորի հիշատակին:

Տղերք, մեռա ասելով՝ թուրքերն ու ադրբեջանցիները վերջին մեկ տարին օգտագործում են միավորվելու և ուժեղանալու համար, իսկ Փաշինյանը երկրի ներսում դավադիր ուժեր ու սևազգեստներ փնտրելով է զբաղված:

Ժամանակն է առաջնային խնդիրների շուրջ կենտրոնանալ:
Հետո ուշ է լինելու, պարոնա′յք»: