Հարգելի պարոն Փաշինյան,

ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից Հայ-Բուլղար-Գերմանական «Տատիկիս վարսերը» կինոնախագծի դեմ անօրինականությունների շղթայի մասին բազմաթիվ հայտարարություններ են հնչել: Դրանք հրապարակվել են մամուլում, այդ թվում միջազգային պարբերականներում, եղել են պարզաբանումներ, հարցազրույցներ։ Այդ պատճառով ես չեմ անդրադառնա խնդրի ծագմանը եւ պատճառներին։

2018թ-ի դեկտեմբերի 18-ին, մեր երկար եւ հետեւողական պայքարի արդյունքում, մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից հրավիրվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը քննարկեց պետական հանձնաժողովի կողմից մեր կինոնախագծի ֆինանսավորման ընդհատման հարցը եւ հանգեց եզրակացության, որ մերժելու հիմք հանդիսացած կանոնակարգի կետը չէր կարող կիրառվել կինոնախագծի վրա։

Նախարարի պաշտոնակատարը, այդպիսով, ընդունեց կինոնախագծի հանդեպ թույլ տված անօրինականության փաստը եւ հրահանգեց ազգային կինոկենտրոնին՝ վերսկսել ֆիլմի արտադրության աջակցությունը։ Սակայն կինոյի ստորին օղակի «կառավարիչները», մինչ օրս ստուգում են փաստաթղթեր, պետական կառույցներին ոչ հարիր, սադրիչ նամակներ են հղում միջազգային ներդրողներին, անում են առավելագույնը ֆիլմը կասեցնելու, նախագիծը տապալելու նպատակով։ Ֆիլմի դեմ իրականացրած անօրինականությունների պատճառով.

1) խաթարվել է ֆիլմի արտադրական պլանը,

2) չեղարկվել են հայաստանյան եւ միջազգային թիմի հետ պայմանագրերը,

3) դադարեցվել են հայաստանյան եւ բուլղարական նկարահանումները,

4) հետաձգվել են Գերմանիայում պլանավորված հետարտադրական աշխատանքները,

5) սառեցվել են արտասահմանյան ներդրումները,

6) արտադրող ընկերությանը հասցվել է խոշոր չափի ֆինանսական վնաս,

7) արտադրող ընկերության գործարար վարկին՝ անվերականգնելի բարոյական վնաս,

8) կուտակվել են պարտքեր, այդ թվում՝ ՀՀ հարկային մարմիններին։

Այս ամենը կատարվել է կառավարության կողմից, որը իշխանության է եկել ժողովրդական լայն զանգվածների բուռն աջակցության շնորհիվ, խոստանալով անհատի, քաղաքացու արարելու իրավունքի պաշտպանություն, տնտեսության մեջ հավասար մրցակցային պայմանների ապահովում, օրենքի գերակայություն, ներդրումների խթանում։

Նշված դրույթների ճիշտ հակառակ կիրառումն է, որ մեր կինոընկերությունը, չինովնիկական «բեսպրեդելի» ողջ ցինիզմով համեմված, կրել ու կրում է նոր Հայաստանում:

Պատճառը մեկն է՝ Հայաստանում կինոյի կառավարման անարդյունավետ, մաշված մոդելի դեմ իմ կոշտ ու փաստարկված պայքարը։ Մոդել, որ ձեւավորվել է նախորդ տասնամյակների ընթացքում եւ որի գործունեության արդյունքը այսօրվա հայկական կինոարտադրության մռայլ, միջազգային կինոինդուստրիայից մեկուսացված պատկերն է։

Հարգելի պարոն վարչապետ, ես թերահավատ եմ, որ այս նամակով «Տատիկիս Վարսերը» ֆիլմի խնդիրները կարգավորվելու են։

Իրատեսությունը ստիպում է արձանագրել, որ Հայաստանում գործադիր իշխանության ուղղահայացը չի աշխատում եւ ստորին օղակները, ինչպես մեր ֆիլմի դեպքում, հաճախ արգելափակում են վերադաս մարմնի հրահանգները։

Այդ պատճառով ես, իմ գործընկերները, մեր թիմն ու համախոհները ավելի շատ ապավինում ենք Հայաստանի հանրության, ՀՀ օրենսդիր, դատական իշխանությունների, զանգվածային լրատվամիջոցների աջակցությանը։

Մենք հրապարակային աննախադեպ քայլեր ենք իրականացնելու, որովհետեւ, այո, սա նոր Հայաստանն է, որտեղ էականը հասարակության, ոչ թե չինովնիկների կամքն է, որոնց ցանկություններից անկախ, մենք վերականգնելու ենք օրինականությունը, իրագործելու ենք ֆիլմ անելու մեր իրավունքը։

Ես գրում եմ այս նամակը, որովհետեւ ցանկանում եմ Ձեր՝ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի ուշադրությունը հրավիրել կինոյի պետական կառավարման մոդելի բարեփոխման հրատապ անհրաժեշտության վրա։

Կինոյի կառավարումը միեւնույն գործառույթներն ունեցող մշակույթի նախարարության, զանազան ՊՈԱԿ-ների, ՀԿ-ների, այլ կառույցների միջոցով իրականացնելու արատավոր մեխանիզմը սպառել է իրեն եւ դրա փոխարեն անհրաժեշտ է.

Ա.) ստեղծել կառավարությանն առընթեր մեկ պետական մասնագիտական կառույց՝ կինոյի ազգային գործակալություն կամ կոմիտե։

Բ) Կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում:

Գ) Ազատվել տասնամյակներով կինոյի կառավարման ոլորտը ուզուրպացրած չինովնիկական ահռելի բանակից, որի պահպանման վրա պետական բյուջեից ավելի շատ գումարներ են ծախսվում, քան բուն գործառույթի՝ ֆիլմերի ստեղծման համար։

Դ) Վերացնել կինոյի կառավարման արատավոր փակ շրջանակը, որը ծառայել եւ ծառայում է խիստ որոշակի եւ շատ սահմանափակ թվով անձանց շահերի սպասարկմանը։

Այսպիսով, կառավարությունը կինոարտադրությանը հնարավորություն կտա կրկնել այն դրական փորձը, որն առկա է նախկին խորհրդային եւ Արեւելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում, ինչի շնորհիվ այդ երկրները կինոյի ոլորտում նախանձելի առաջընթաց են գրանցել։

Սրա վրա է, որ ես ցանկանում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը։

Պատրաստ եմ հանդիպել Ձեզ, ներկայացնել առաջադեմ երկրների կինոյի կառավարարման փորձը, իսկ կառույցը, որ ես ներկայցնում եմ, պատրաստ է աջակցել կառավարությանը կինոյի բարեփոխման հարցում՝ մանրակրկիտ տեղեկատվությամբ եւ մասնագիտական խորհրդատվությամբ, եթե կառավարության հռչակած պետական կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիրը գեղեցիկ խոսքեր չեն, այլ նպատակ։

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնություն «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ՍՊԸ