ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (4 հուլիս 2018թ.)
Ինչ վերաբերում է ձեզ, եղբայրնե՛ր, ես ինքս համոզված եմ, որ դուք ինքնին լեցուն եք բարությամբ ու լցված կատարյալ գիտությամբ և, հետևաբար, կարող եք նաև խրատել միմյանց։ Բայց իմ նամակում որոշ տեղեր շատ խիստ եղա ձեր նկատմամբ՝ ձեզ մի շարք բաներ հիշեցնելու համար։ Աստված ինձ տվեց իր շնորհը, որպեսզի Քրիստոս Հիսուսի սպասավորը լինեմ հեթանոսների մոտ և նվիրվեմ Աստծու Ավետարանի մատակարարմանը, որպեսզի հեթանոսներն ընծայվեն Աստծուն՝ իբրև Սուրբ Հոգով սրբված ընդունելի պատարագ։ Թեև իրավունք ունեմ պարծենալու Հիսուս Քրիստոսով այն վաստակի համար, որ ունեմ Աստծու մոտ, բայց չեմ համարձակվում հիշել ուրիշ բան, քան միայն այն, ինչ Քրիստոսը կատարեց իմ միջոցով՝ հեթանոսներին Աստծուն հնազանդեցնելու համար, խոսքով թե գործով, զորավոր նշաններով ու հրաշքներով, Սուրբ Հոգու զորությամբ, այնպես որ Երուսաղեմից սկսած մինչև Իլլիրիկում՝ ամեն կողմ տարածեցի Քրիստոսի Ավետարանը։ Եվ ինձ պատիվ համարեցի ավետարանել միայն այնտեղ, որտեղ Քրիստոսի անունը չէր լսվել, որպեսզի ուրիշի դրած հիմքի վրա չկառուցեմ, այլ, ինչպես Սուրբ գիրքն է ասում. «Նրանք, որոնց չէր պատմվել նրա մասին, կտեսնեն, նրանք, որոնք չէին լսել նրա մասին, կիմանան»։
Այս մտահոգությունն էր, որ բազմիցս արգելք եղավ ինձ՝ գալու ձեզ մոտ։ Բայց հիմա, երբ այլևս անելիք չունեմ այս կողմերում և երկար տարիներ ի վեր անձկությամբ փափագում եմ ձեզ մոտ գալ, ուզում եմ առիթից օգտվել։ Երբ անցնեմ Իսպանիա, հույս ունեմ, որ իմ ճանապարհին կտեսնեմ ձեզ և ձեր օգնությամբ էլ ճանապարհ կընկնեմ այնտեղ, անշուշտ, նախ մի քիչ ձեր ներկայությունը վայելելուց հետո։
Բայց հիմա գնում եմ Երուսաղեմ՝ օգնություն տանելու այնտեղի հավատացյալներին, որովհետև Մակեդոնիայի և Աքայիայի եղբայրները հոժարակամ ուզեցին իրենց նվերներով մասնակից դառնալ Երուսաղեմի աղքատ հավատացյալների կարիքներին։ Այդպես ցանկացան, որովհետև իրենց նաև պարտական են զգում նրանց հանդեպ։ Արդարև, քանի որ հեթանոսները հաղորդակից եղան նրանց հոգևոր բարիքներին, իրենք ևս պարտավոր են մասնակից լինել նրանց նյութական կարիքներին։ Արդ, այս պարտականությունը կատարելուց և հիշյալ նվերները Երուսաղեմի եկեղեցուն հանձնելուց հետո ձեր մոտով կանցնեմ Իսպանիա։
Եվ գիտեմ, որ երբ ձեզ մոտ գամ, պիտի գամ Քրիստոսի Ավետարանի լիակատար օրհնությամբ։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 15:14-29)
Ռուբեն վարդապետ Զարգարյան