ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (27 հունիս 2018թ.) Սուրբ գիրքն ասում է. «Ով որ հավատա նրան, ամոթով չի մնալու»։ Հավատի մեջ խտրություն չկա հրեայի ու հեթանոսի միջև. բոլորի Տերը նույն Տերն է՝ գթառատ բոլոր նրանց հանդեպ, որոնք կանչում են նրան, ինչպես մարգարեն է ասում. «Ով որ Տիրոջը օգնության կանչի, կփրկվի»։
Բայց մարդիկ ինչպե՞ս օգնության կանչեին Քրիստոսին՝ առանց հավատալու նրան. կամ ինչպե՞ս հավատային՝ առանց լսած լինելու նրա մասին. կամ ինչպե՞ս լսեին, եթե քարոզող չկար. և կամ ինչպե՞ս քարոզեին՝ առանց Աստծուց առաքված լինելու։ Այդ քարոզչությունն է ակնարկում մարգարեն, երբ գրում է. «Ի՜նչ գեղեցիկ է տեսնել ավետիս բերողներին, որոնք գալիս են խաղաղության լուրը տալու և գալիք բարությունն ավետելու»։
Բայց բոլորը չընդունեցին այդ ավետիսը։ Արդարև, Եսայի մարգարեն գոչում է. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին»։ Նշանակում է, ուրեմն, որ հավատը ծնունդ է առնում քարոզչությունը լսելիս, իսկ քարոզչությունը հավատ է արթնացնում, երբ Քրիստոսի խոսքերն են քարոզվում։ (Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 10:11-17)
Ռուբեն վարդապետ Զարգարյան