Հայաստանի շուրջ լարվածությունը մեծանում է: Ադրբեջանն աննախադեպ զորակուտակումներ է կատարում հայ-ադրբեջանական զորքերի շփման գոտիներում, ամերիկյան ուղղաթիռներ են ընկել Ադրբեջանի ձեռքը, Թուրքիայի օդուժի ռազմական ինքնաթիռներն են հայտնվել Ադրբեջանում, Նախիջեւանում սպառնալիորեն մեծանում են զինակուտակումները, ակտիվորեն շարունակվում են նոր դիրքավորումների աշխատանքները, թուրքերը սկսում են Կարս-Նախիջեւան երկաթուղու կառուցումը եւ այլն, եւ այլն:

 

Մյուս կողմից' չնայած հայ-ռուսական պաշտոնական հարաբերությունների թվացյալ հանդարտությանը' պուտինյան վարչախմբի պատվերով գործող ռուսական քարոզչությունը տարաբնույթ հակահայկական նյութերով է հեղեղում այդ երկրի մամուլը՝ սկսած հայերի ծագումնաբանությունից մինչեւ արմենոիդների ոչնչանալու անխուսափելիությունը եւ Հայաստանի գոյության անիմաստությունը:

 

Սա, կարծում եմ, ռուս-թուրք-ադրբեջանական դավադիր համագործակցության բացահայտ սպառնալիքի դրսեւորում է՝ ընդդեմ հայկական հեղափոխության եւ հայ ժողովրդի: Կարծում եմ՝ Հայաստանի նոր իշխանության համար եկել է եզրահանգումներ կատարելու եւ միջոցառումների դիմելու ժամանակը: