Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց և ասաց.


- Մի մարդ լավ սերմեր սերմանեց իր արտի մեջ։ Մի գիշեր, երբ ամեն մարդ քնի մեջ էր, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ և գնաց։ Երբ սերմերն աճեցին և սկսեցին հասկ դառնալ, այն ժամանակ երևաց և այդ որոմը։ Տանտիրոջ ծառաները եկան և ասացին նրան. «Տե՛ր, մի՞թե դու քո արտի մեջ միայն լավ սերմեր չսերմանեցիր. հապա որտեղի՞ց է այդ որոմը»։ Տերը պատասխանեց. «Թշնամի մարդու արած գործ է դա»։ Ծառաներն ասացին. «Ուզո՞ւմ ես, որ գնանք և քաղհանենք որոմը»։ «Ո՛չ,-պատասխանեց Տերը,-որպեսզի չլինի թե որոմը քաղելիս ցորենն էլ միասին արմատախիլ անեք։ Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը. ես այն ժամանակ հնձողներին կասեմ՝ նախ որո՛մը քաղեցեք, խրձե՛ր կազմեցեք այրելու համար և ապա միայն քաղեցե՛ք ցորենը և ամբարեցե՛ք իմ շտեմարաններում»։
Ահա ճիշտ սրա նման է երկնքի արքայությունը։


(Մատթեոսի ավետարան 13:24-30)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան