Հիսուս ասում է.
- Ուրեմն լսեցե՛ք, թե ի՛նչ է ուզում ասել սերմնացանի առակը։ Ճանապարհի եզերքին գտնվող հողը, որի մեջ ընկավ սերմը, նման է այն մարդուն, որը լսում է Աստծու արքայության մասին քարոզությունը, բայց չի հասկանում. չարը գալիս և հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Ժայռոտ հողը նման է այն մարդուն, որը Աստծու խոսքը հազիվ լսած՝ ուրախությամբ ընդունում է այն։ Սակայն սերմն արմատ չունի իր մեջ, այսինքն՝ նա հավատում է մի որոշ ժամանակի համար, և երբ նեղության և Աստծու խոսքի համար հալածանքի ենթարկվի, իսկույն կկորցնի իր հավատը։ Փշերով ծածկված հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծու խոսքը, բայց երկրային կյանքի հոգսերը և հարստության հրապույրը խեղդում են այդ խոսքը, որ անպտուղ է դառնում նրա մեջ։ Իսկ լավ հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծու խոսքը ու հասկանում և պտուղ է տալիս. մեկի փոխարեն հարյուր, մեկ ուրիշը՝ վաթսուն և մեկ ուրիշը՝ երեսուն։
(Մատթեոսի ավետարան 13:16-23)
Դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում։ «Մի՞թե ստեղծվածը կարող է իր ստեղծողին ասել՝ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր ինձ»։ Կամ կավագործ բրուտը իրավունք չունի՞ նույն զանգվածից տարբեր անոթներ շինելու, մեկը՝ պատվական, մյուսը՝ հասարակ։ Արդ, Աստված ուզենալով ցույց տալ իր բարկությունը և հայտնի դարձնել իր զորությունը՝ մեծ համբերատարությամբ հանդուրժեց իր բարկությանն արժանի մարդկանց, որոնք դատապարտված են կորստյան, որպեսզի, մյուս կողմից, իր մեծ փառքը հայտնի դարձնի նրանց, որոնք արժանի են իր ողորմությանը, և որոնց նա սկզբից պատրաստեց՝ իր փառքին մասնակից դարձնելու համար։ Այս վերջինները մենք ենք, որոնց Աստված կանչեց ոչ միայն հրեաներից, այլ նաև բոլոր ազգերի միջից, ինչպես որ ասում է Oսիա մարգարեի բերանով. «Այն ժողովրդին, որ իմ ժողովուրդը չէր, իմ ժողովուրդ եմ կոչելու, նրան, որ սիրելի չէր ինձ, սիրելի եմ կոչելու։ Եվ հենց այնտեղ, ուր նրանց ասացի՝ "Դուք իմ ժողովուրդը չեք", - այնտեղ նրանք կենդանի Աստծու որդիներ պիտի կոչվեն»։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 9:20-26)
Ռուբեն վարդապետ Զարգարյան