ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (16 հունիս 2018թ.)
Պողոս առաքյալի հրաժեշտի խոսքը Եփեսոսի երեցներին.
-Այժմ ահա Սուրբ Հոգու մղումով գնում եմ Երուսաղեմ։ Չգիտեմ, թե այնտեղ ի՛նչ կպատահի ինձ։ Գիտեմ միայն, որ ամեն մի քաղաքում Սուրբ Հոգին ազդարարում է ինձ՝ ասելով, որ ինձ սպասում են բանտարկություն ու նեղություն։ Բայց իմ հոգը չէ, ինձ համար կարևորն իմ կյանքը չէ, այլ այն, որ ուրախությամբ իր վախճանին հասցնեմ իմ գործը, այն պաշտոնը, որ ինձ տվեց Տեր Հիսուսը՝ ավետարանելու Աստծու շնորհը։
Հիմա գիտեմ, որ այսուհետև այլևս չեք տեսնելու ինձ։ Եկա ձեր բոլորի մոտ, շրջեցի ու քարոզեցի Աստծու արքայությունը և ահա հայտարարում եմ այսօր, որ իմ խիղճը հանգիստ է, որովհետև առանց քաշվելու հայտնեցի ձեզ Աստծու կամքը։ Ուշադի՛ր եղեք ձեր անձերին և ձեր ամբողջ հոտին, որի վրա Սուրբ Հոգին տեսուչ կարգեց ձեզ։ Հովվեցե՛ք Տիրոջ եկեղեցին, որ նա իր արյունո՛վ գնեց. որովհետև ես գիտեմ, որ իմ մեկնումից հետո ձեր մեջ կմտնեն հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին։ Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որոնք սխալ բաներ կուսուցանեն՝ հավատացյալներին իրենց հետևից տանելու համար։ Հետևաբար, արթո՛ւն կացեք. հիշեցե՛ք, թե ինչպես երեք տարի անդադար, գիշեր-ցերեկ, յուրաքանչյուրիդ մեկ-մեկ արցունքով խրատեցի։ Եվ հիմա հանձնում եմ Աստծուն և նրա շնորհի Ավետարանին, որ կարող է հոգեպես աճեցնել և ժառանգակից դարձնել ձեզ իր բոլոր սրբերին։
(Գործք Առաքելոց 20:22-32)